Փաշինյանը քաղաքական խորհրդակցություններ կսկսի

Թեպետ ԿԸՀ-ն դեռ չի ամփոփել ընտրությունների արդյունքները, բայց ՔՊ-ն արդեն տոնում է հաղթանակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կուսակցության կենտրոնական շտաբում հայտարարեց, որ առաջիկա օրերին քաղաքական խորհրդակցությունների շարք կսկսի։ Նպատակը հանրային և ազգային համերաշխության վերականգնումն է։

«Հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քայլեր կձեռնարկվեն նաև երկրի գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու ու պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել

«ՀՀ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նաև ինձ՝ որպես կուսակցության վարչապետի թեկնածու, տվել է մանդատ առաջնորդելու երկիրը, բայց էլի եմ ասելու՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները, և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և համաձայնություն ձևակերպելու համար։ Օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք չենք կարող հապաղել այն իրացնելու ճանապարհին»,- հայտարարեց Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ մեր երկրում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն։ Նշում է՝ ամեն դեպքում «այդ երևույթներն իսպառ վերացնել» թերևս հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքների վրա ունեցել են։

Փաշինյանը նշեց` թե ինչպիսին կլինի քաղաքական ուժերի տեղաբաշխումը խորհրդարանում, թերևս հայտնի կլինի առավոտյան, բայց արդեն հստակ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահաբար մեծամասնություն է լինելու։

ՔՊ–ի առաջնորդը հիշեցրեց՝ վաղը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է, որի ժամանակ կկատարվի «պողպատյա մանդատի» հանձնումը։

«Տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսվում էր». Փաշինյանը շտաբում է, ՔՊ-ն տոնում է հաղթանակը

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

ԿԸՀ–ում սկսված է ձայների հաշվարկը։ Նախնական տվյալներով` ՔՊ–ն ստացել է հաշվարկված ձայների 50%–ից ավելին, «Հայաստանը»` 20%–ից պակասը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է