ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․ ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը կուսակցության կենտրոնական շտաբում հայտարարեց, որ առաջիկա օրերին քաղաքական խորհրդակցությունների շարք կսկսի։ Նպատակը հանրային և ազգային համերաշխության վերականգնումն է։
«Հենց առաջիկա օրերից քաղաքական կոնսուլտացիաներ կսկսենք ընտրություններին մասնակցած բոլոր առողջ ուժերի հետ՝ հասկանալու համար նրանց պատկերացումները մեր քաղաքական կյանքի և հանրային ներուժի կոնսոլիդացման հետագա հնարավորությունների մասին»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քայլեր կձեռնարկվեն նաև երկրի գործարար, մշակութային, գիտական առողջ ուժերը կառավարության շուրջ համախմբելու ու պետության առաջ ծառացած խնդիրների լուծմանը ներգրավելու հարցում։
«ՀՀ ժողովուրդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նաև ինձ՝ որպես կուսակցության վարչապետի թեկնածու, տվել է մանդատ առաջնորդելու երկիրը, բայց էլի եմ ասելու՝ մենք առավելագույնը կանենք քննարկելու և մեր մանդատի շուրջ համախմբելու հանրային բոլոր առողջ ռեսուրսները, և Հայաստանում իսկապես օրենքի և իրավունքի վրա հիմնված ազգային միասնություն և համաձայնություն ձևակերպելու համար։ Օրենքի և իրավունքի դիկտատուրան այն հաջորդ մանդատն է, որ ժողովուրդը տվել է մեզ, և մենք չենք կարող հապաղել այն իրացնելու ճանապարհին»,- հայտարարեց Փաշինյանը։
Փաշինյանի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ մեր երկրում ընտրությունների կեղծման էջը փակված է անշրջելիորեն։ Նշում է՝ ամեն դեպքում «այդ երևույթներն իսպառ վերացնել» թերևս հնարավոր չի եղել, և դրանք որոշակի ազդեցություն, այնուամենայնիվ, ընտրությունների արդյունքների վրա ունեցել են։
Փաշինյանը նշեց` թե ինչպիսին կլինի քաղաքական ուժերի տեղաբաշխումը խորհրդարանում, թերևս հայտնի կլինի առավոտյան, բայց արդեն հստակ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վստահաբար մեծամասնություն է լինելու։
ՔՊ–ի առաջնորդը հիշեցրեց՝ վաղը 20։00-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանրահավաք է, որի ժամանակ կկատարվի «պողպատյա մանդատի» հանձնումը։
Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
ԿԸՀ–ում սկսված է ձայների հաշվարկը։ Նախնական տվյալներով` ՔՊ–ն ստացել է հաշվարկված ձայների 50%–ից ավելին, «Հայաստանը»` 20%–ից պակասը։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է