Արմեն Չարչյանը մեղադրյալ է ճանաչվել․ միջնորդություն կա կալանավորման մասին

Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. «Իզմիրլյան» ԲԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանը կարող է կալանավորվել։ Այս մասին տեղեկացնում է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Facebook-ում։

ԿԸՀ–ն թույլատրել է Արմեն Չարչյանին քրեական հետապնդման ենթարկել

«Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միևնույն ժամանակ քննիչը որոշում է կայացրել պարոն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն հարուցելու մասին», - նշել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ Չարչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, հրաժարվել է ցուցմունք տալ, պնդում է, որ իր նկատմամբ իրականացվող հետապնդումն իր մեջ պարունակում է քաղաքական երանգներ։

«Իմ դեմ կարված գործը փուչիկ է, որը պայթելու է մի օր». Արմեն Չարչյան

Հիշեցնենք՝ հունիսի 18-ին համացանցում հրապարակվեց մի ձայնագրություն, որում Չարչյանն իր աշխատակիցներին ասում էր, որ տնօրինությունը շատ կոշտ վերաբերմունք է ցուցաբերելու նրանց նկատմամբ, ովքեր ընտրություններին չեն մասնակցի։

Նույն օրը հայտնի դարձավ, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Չարչյանը ձերբակալվել է իր ղեկավարած կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում։

Արմեն Չարչյանն ազատ արձակվեց հունիսի 20-ի առավոտյան։

Ռոբերտ Քոչարյանը վիրահատության կարիք ունի. Չարչյան