ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik.Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցել են բարձր մակարդակով, թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության վրա, չեն հայտնաբերվել։ Տեղեկությունը նշված է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական խմբի ամփոփիչ եզրակացության մեջ:
«Առանձնացնելով ընտրությունների մասնագիտական բարձր մակարդակը՝ միջազգային դիտորդները չեն հայտնաբերել թերություններ, որոնք կարող էին ազդել քվեարկության ընթացքի ու ընտրողների կամքի արտահայտման վրա», - նշված է ՀԱՊԿ ԽՎ-ի կայքում հրապարակված փաստաթղթում:
Դիտորդները նաև նշել են, որ «չնայած համավարակային իրավիճակին, ընտրողների մասնակցությունն իրականացվել է առանց սահմանափակող միջոցների, ինչը պայմաններ է ստեղծել քաղաքացիների լիարժեք կամարտահայտման համար»:
Բացի այդ, դիտորդների տվյալներով՝ «ընտրողներն իրենց վերաբերմունքն են հայտնել կուսակցական ցուցակներով ընտրված պատգամավորների նկատմամբ»: Միևնույն ժամանակ, ինչպես նշել են ՀԱՊԿ ԽՎ-ում, «բոլոր ընտրատեղամասերում չէ, որ եղել են քաղաքական կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների դիտորդներ»:
Հիշեցնենք` այսօր` հունիսի 20–ին, ժ. 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է