Արման Բաբաջանյանը հերքում է, որ մեքենայի վրա կրակել է իր թիմի անդամը

Մինչ այդ ԶԼՄ–ներից մեկը, վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանը հերքում է, որ իր մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։ Նշենք, որ այդ մասին նա ասաց ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ընթացքում։

Կրակելու պահին Բաբաջանյանը մեքենայում չի եղել. ոստիկանություն

Մինչ այդ «Ժողովուրդը»՝ վկայակոչելով դաշինքի իր աղբյուրին, հայտնել էր, որ Բաբաջանյանի մեքենայի վրա կրակել է իրենց դաշինքի անդամը։

Թերթի տեղեկություններով՝ կրակոց արձակած անձը ցանկացել է դաշինքի նկատմամբ լրացուցիչ ուշադրություն գրավել։ Նա, իբր, քիչ առաջ հայտնաբերվել է իրավապահների կողմից։

Նշենք, որ «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ընտրացուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում հայտնել էր կրակոցի մասին և լուսանկարներ հրապարակել։ Դրանցում երևում էր մեքենայի դիմապակու վրա հրազենի թողած հետքը։