Թաթոյանի հայտարարությունը զրպարտություն է, դիմելու եմ դատարան. Վիլեն Գաբրիելյան

«Նավակ ճոճողը» հայտարարել է, որ ՄԻՊ–ին դատի տալուց հետո դիմելու է դատախազին և հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճող) հայտարարել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը զրպարտել է իրեն և ներողություն չի խնդրել, ուստի ինքը դիմելու է դատարան։ Նա իր որոշման մասին գրել է Facebook–ում։

«Քանի որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը անտեսել է մարդկային հորդորս՝ ի պաշտոնե իր բարձրաձայնած կեղծիքի համար ներողություն խնդրելու, ապա հայտնեմ, որ օմբուդսմենի հայտարարությունը ակնհայտ զրպարտություն է, վնաս է հասցնում իմ պատվին և արժանապատվությանը, հետևաբար եկող շաբաթվա ընթացքում դիմելու եմ դատարան` պաշտպանելու իմ իրավունքներն ու օրինական շահերը: Այնուհետև դիմելու եմ դատախազին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով»,–նշել է նա:

Հիշեցնենք` ՄԻՊ–ն այսօր հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքներին վարչական ռեսուրսի չարաշահման մշտադիտարկման արդյունքները։

ՄԻՊ աշխատակազմը հայտնել էր, որ իրենց են ներկայացվել տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաև տնօրենին հրահանգներ է տվել այն հարցի հետ կապված, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

ՄԻՊ հայտարարությունից հետո ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ դատախազությունը հանձնարարել է նյութեր նախապատրաստել և ստուգման առարկա դարձնել Վիլեն Գաբրիելյանի հնարավոր առնչությունը:

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար