Չկողմնորոշված ընտրողներ Երևանում, բևեռացվածներ` մարզերում. ո՞րն է ԼՀԿ–ի ընտրազանգվածը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ Էդմոն Մարուքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Sputnik

«Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) նախագահ, վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի կարծիքով արտահերթ ընտրությունների քարոզարշավի համար նախատեսված էր բավականին կարճ ժամանակահատված։ Նրա խոսքով` մանավանդ ԼՀԿ–ի նման սահմանափակ ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժի պարագայում դժվար է ուղերձներն ամբողջությամբ տեղ հասցնել, բայցևայնպես հաջողվել է իրականացնել արդյունավետ քարոզարշավ։ 

«Ակնհայտ է, որ ընթանում է չափազանց բևեռացված քարոզարշավ, քրեական ենթամշակույթին հարիր ընտրարշավ, նախկին և ներկա ղեկավարների բառամթերքը, հռետորաբանությունը կա՛մ ուղղակի բռնության կոչեր են, կա՛մ սպառնալիքներ, կա՛մ ուղղակի վիրավորանքներ։ Նրանք սուր քարոզարշավ անցկացնելով` օգնեցին մեզ, որ մեր ուղերձն ավելի ճիշտ ընկալվի և ավելի արագ տեղ հասնի։ Մարդիկ ուղղակի հոգնել են, չի կարելի տարիներ շարունակ նույն բաներն ասել ու անել` հաշվի չառնելով արտաքին սպառնալիքները»,– նշեց ԼՀԿ նախագահը։

«Լավատես չեմ, որ ընտրությունները հաշտ կանցնեն. կենաց-մահու խնդիր է». Տեր–Պետրոսյան

Մարուքյանի կարծիքով` բոլոր ուժերն էլ ունեն լավ ծրագրեր, տեսլականներ, սակայն մարդիկ հասկանում են, որ լավ ծրագրերն անհնար է իրականացնել, եթե երկիրը շարունակաբար մնա պառակտված, որտեղ առանձին խմբեր ատում են միմյանց։ Մարուքյանի խոսքով` իրենք իհարկե ներկայացնում են նաև ծրագրային դրույթներ, բայց մարդկանց հարցերն հիմնականում դրանց չեն վերաբերում։ Ըստ նրա` չկողնորոշված ընտրողներն ավելի շատ Երևանում են, իսկ մարզերում բևեռացված լինելու հանգամանքն ավելի ցցուն է։ 

«Նախկինում ընտրությունների ժամանակ ասֆալտը, բակը, սոցիալական հարցերը մարդկանց ավելի շատ էին հետաքրքրում, և դրանց վերաբերյալ խոստումներն ապահովում էին ավելի մեծ ընտրազանգված, սակայն այսօր մարդկանց հուզում են նախևառաջ երկրի անվտանգության ու ռազմագերիների հետ կապված հարցերը»,– նշեց ԼՀԿ նախագահը։    

Մարուքյանի հավաստմամբ` իրենք աշխատել են հիմնականում չկողմնորոշված ընտրողների ձայների վրա, ովքեր կարող են փոթորիկ անել ընտրատեղամասերում և քվեատուփերում։ Ըստ նրա` նախկիններից ու ներկաներից հիասթափվածների քանակը կազմում է առնվազն 40 տոկոս, ուստի ԼՀԿ–ն քարոզարշավի ընթացքում աշխատել է հենց այդ ուղղությամբ` ձգտելով նրանց բերել կառուցողական դաշտ, որտեղ իրենք առաջարկում են իրատեսական օրակարգ և գաղափարներ։

Միհրան Պողոսյանը կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն անվավեր է ճանաչել իր իսկ որոշումը

Մարուքյանի հավաստմամբ` ԼՀԿ–ի ամբողջ առաքելությունը միտված է երկրի հիմքերն ամրացնելուն, Հայաստանն ուժեղացնելուն։