ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նախագահ Վարուժան Ավետիքյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել, որով անդրադարձել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ արված հայտարարությանը, թե անհետ կորած զինծառայողների հրապարակված թիվն իրական չէ:
Սերժ Սարգսյանը երեկ փաստաթուղթ էր հրապարակել, որում նշված էր, որ անհետ կորածների իրական թիվը 1064 է:
Ժամեր անց ՀՀ քննչական կոմիտեն պատասխանեց Սերժ Սարգսյանին՝ նշելով, որ պատերազմի ընթացքում անհետ կորածների իրական թիվը 275 է:
Վարուժան Ավետիքյանի խոսքով`երեկ ՀՀ 3-րդ նախագահը հրապարակել է իր նամակը` ուղղված փոխվարչապետին և սոցապ նախարարին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը պատերազմից հետո մեկնարկեց անհայտ բացակայող ու ծանր վիրավորում ունեցող զինծառայողների ժամանակավոր «Կամուրջ» ֆինանսավորման ծրագիրը կառավարության տրամադրած 1 միլիարդ դրամի հիման վրա:
«Որոշ օգտատերեր և սոցիալական ալիքներ նամակը մեկնաբանեցին որպես գաղտնի: Դա այդպես չէ, քանզի հաշվի առնելով գործունեության հրապարակայնության ու թափանցիկության սկզբունքները, հիմնադրամը մշտապես իր սոցմեդիայի էջերում ու պաշտոնական կայքում հրապարակել է «Կամուրջ» ֆինանսավորման շրջանակներում դեպքերի քանակը, գումարները, նույնիսկ զինծառայողների անունները»,–նշել է նա։
Ավետիքյանի խոսքով`այսօր էլ այդ տեղեկատվությունը բաց է համընդհանուր ծանոթացման համար հիմնադրամի պաշտոնական կայքում:
«Հրապարակված թիվը ցույց չի տալիս անհայտ կորածների թիվը: Այն ցույց է տալիս, թե Հիմնադրամը «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի ներքո քանի ընտանիքների է ֆինանսապես աջակցել, որոնց զինծառայողները ինչ որ պահի համարվել են անհայտ կորածներ կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առկա չեն եղել: Ինչպես ես նշել եմ իմ մի շարք հարցազրույցներում, այդ թիվը ամեն շաբաթ նվազել ու նվազում է, քանզի բազմաթիվ հերոսների մասունքներ նույնականացվել ու հուղարկավորվել են, իսկ որոշ զինծառայողներ բարեբախտաբար նույնիսկ հայտաբերվել են»,–պարզաբանել է Ավետիքյանը։
Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ երեկ` հունիսի 16–ին հայտարարեց, որ իշխանությունը թաքցնում է` արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է, նաև որպես ապացույց հրապարակեց Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունը, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։
Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա
Այսօր կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, նշեց, որ անհետ կորածների թիվը 1000-ից ավելի եղել է 2020թ–ի նոյեմբերին, իսկ այսօր անհետ կորած է համարվում 275 անձ։