Քննչական կոմիտեն Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված պարզաբանում է տարածել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ իշխանությունը թաքցնում է` արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. 2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ գտնվելու վայրն անհայտ զինծառայողների և քաղաքացիական անձանց թվաքանակը կազմում է 275 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն` անդրադառնալով անհետ կորած զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկություններին։

«Անհետ կորածների թիվը 1064 է»․ Սերժ Սարգսյանը փաստաթուղթ է հրապարակել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ երեկ` հունիսի 16–ին հայտարարեց, որ իշխանությունը թաքցնում է` արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է, նաև որպես ապացույց հրապարակեց Զինծառայության ապահովագրման հիմանդրամի հաշվետվությունը, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

«Քրեական վարույթի շրջանակներում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ, երբ իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների կատարման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվում վերջինիս զոհվելու վերաբերյալ կամ հայտնի է դառնում անձի գտնվելու վայրը։ 2021 թվականի հունիսի 16-ին մամուլում գտնվելու վայրն անհայտ զինծառայողների թվաքանակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են ռազմական գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին տրված դրամական հատուցումների ֆինանսական հաշվետվություններին, ինչը չի արտացոլում այդ օրվա դրությամբ քրեական վարույթի շրջանակներում գտնվելու վայրն անհայտ անձանց թվաքանակը»,–ասվում է ՔԿ–ի տարածած պարզաբանման մեջ։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա

Քննչական կոմիտեն հարկ է համարում նշել, որ ՀՀ կառավարության հաստատած կարգի համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողը ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ համապատասխան տվյալների ստուգման արդյունքում, որոնք ամփոփվում են ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների առողջապահական և սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության ծառայողների կողմից և ուղարկվում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ։

Նշված միջոցառումների արդյունքում անձը դադարում է համարվել գտնվելու վայրն անհայտ և ձեռք է բերում հիմնադրամի շահառուի կարգավիճակ։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը