Քանի՞ անհետ կորած ունենք հիմա. վարչապետի օգնականը հայտարարեց ճշգրիտ թիվը

Նաիրի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորածների թիվը 1000-ից ավելի եղել է  2020թ–ի նոյեմբերին։ Տեղեկությունն այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը։

Քննչական կոմիտեն Սերժ Սարգսյանի հայտարարության հետ կապված պարզաբանում է տարածել

«Հետագայում, ԴՆԹ հետազոտությունների արդյունքում, անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,– ասաց նա։

Նաիրի Սարգսյանի խոսքով` արդեն իսկ ճանաչվել է ավելի քան 800 անհետ կորած համարվող զոհերի աճյուններ, ինչի արդյունքում այսօր անհետ կորած է համարվում 275 անձ։

Նաիրի Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր կառավարությունում հանդիպում են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Հիշեցնենք` ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայքի մարզում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ երեկ` հունիսի 16–ին հայտարարեց, որ իշխանությունը թաքցնում է` արցախյան 44–օրյա պատերազմում անհետ կորածների թիվը 1064 է, նաև որպես ապացույց հրապարակեց Զինծառայության ապահովագրման հիմնադրամի հաշվետվությունը, որտեղ գրված է նվիրատվությունների քանակը ծանր վիրավոր և անհետ կորած զինվորների ընտանիքներին։

Անհետ կորած և գերեվարված զինվորների ծնողների մի խումբ Արա Աբրահամյանի հետ մեկնել է Մոսկվա