ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում սպանություն է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ երեկ`ժամը 23։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծավանդակի, որովայնի կտրած-ծակած բազմաթիվ վերքերով, գիտակցության բացակայությամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով վիրահատարանում մահացել է։
Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ սպանվածը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 41-ամյա Սուրեն Դավթյանն էր։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նա մահացու մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում Գեղաշեն գյուղում գտնվող «Լույս գերեզման» կոչվող սրբատեղիում, որտեղ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են դանակ, արնանման հետքեր, հագուստ, գարեջրի բացած շշեր։
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից այդ ամենն առգրավվել է, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
Արտաշատի ոստիկանները բացահայտել են սպանությունը. տեսանյութ
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։