ՀՀ Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է միջազգային նորմերին. ԱՊՀ դիտորդական խմբի ղեկավար

Նեմատովը նաև ընդգծել է, որ համեմատաբար կարճ ժամկետներում ՀՀ ԿԸՀ–ին հաջողվել է իրականացնել ընտրությունների նախապատրաստման բավական ծավալուն աշխատանք` ապահովելու ընտրությունների բնականոն ընթացքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի - Sputnik. Հայաստանի Ընտրական օրենսգիրքը համապատասխանում է բոլոր միջազգային չափանիշներին։ Այս մասին այսօր ԿԸՀ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Իլհոմ Նեմատովը։

Ընտրության օրը գործելու է «թեժ գիծ». դիտորդների հետ կխոսեն օտար լեզուներով. Ֆիդանյան

«Նոր` 2015թ–ից հետո փոփոխված Ընտրական օրենսգիրքն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր ժողովրդավարական չափանիշներին։ Այն ընտրողներին ազատ կամարտահայտության իրավունք է ընձեռում»,– ասաց նա։

Նեմատովը նաև ընդգծեց, որ համեմատաբար կարճ ժամկետներում ՀՀ ԿԸՀ–ին հաջողվել է իրականացնել ընտրությունների նախապատրաստման բավական ծավալուն աշխատանք` ապահովելու ընտրությունների բնականոն ընթացքը։

Նշենք, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան են ժամանել ԿԸՀ հրավերով մայիսի 31–ին` դիտարկելու ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ խմբի ղեկավարը ժամանել է այսօր` հունիսի 16-ին։ Նա հանդիպում է ունեցել ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչանի հետ, որի ընթացքում, իր խոսքով, Մուկուչյանը նրան ներկայացրել է կատարված աշխատանքներն ու ծանոթացրել ՀՀ ընտրական իրավունքի նորմերին։

«Գազպրոմ Արմենիան» պատասխանել է Փաշինյանի՝ «ժողովրդի դեմ աշխատելու» մեղադրանքին

Հիշեցնենք` 2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ։
Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Համապատասխան փոփոխությունն ԱԺ–ն ընդունեց արագացված կարգով, սակայն,ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն օրենքի ընդունումից հետո 21-օրյա ժամկետում չստորագրեց օրենքը և չվիճարկեց դրա սահմանադրականությունը ՍԴ–ում։ Այդ ժամկետի լրանալուց հետո օրենքի ստորագրման լիազորությունը ՀՀ Սահմանադրության 129-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ փոխանցվեցին ԱԺ նախագահին, և Արարատ Միրզոյանն ապրիլի 1-ին ստորագրեց Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը:

Ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե ընտրությունը տեղի ունենար այս պահին. Gallup–ի հարցման արդյունքը

Դրանից հետո ԱԺ–ի ընդունած այլ փոփոխություններին սահմանված ժամկետում չհաջողվեց օրենքի ուժ տալ, ու դրանք հունիսի 20-ի ընտրություններում չեն կիրառվի։