ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը Լոռիում համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ եթե արտահերթ ընտրություններում ինքը 60% չստանա, ապա խնդիրներ են առաջանալու։
«Հիմա ինքն ինչ ուզում՝ անում է։ Տեսնում ենք, չէ՞, ձեռքն ինչ է (նկատի ունի մուրճը-խմբ), երևի ուզում է ինչ-որ մի անգամ ձեռքից վերցնեն, գլխին տան, որ հասկանա՝ ինչ է։ Էդ ո՞ւմ համար է նախատեսում»,- ասել է նա։
Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այս տարիներին հայ ազգն ամեն ինչ տեսել է՝ պարտություն, հազարավոր երիտասարդների մահ, տակը մնացել է քաղաքացիական պատերազմ։
«Էդ մեկն էլ թող ցույց տա, որ մեր արժանապատվությունը հասնի զրոյի»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը։
Նրա խոսքով` հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի դրան դիմակայելու։
«Մենք նրա «պողպատյա» հեղափոխությանը պետք է դեմ տանք ավելի կարծր նյութից պատրաստված վահան, ձեռքներիս մեջ էլ պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տանք, ուրիշ ձև չկա»,–ասել է նա։
Ինչպես է տեղի ունեցել Ծառուկյանի և Փաշինյանի կողմնակիցների ծեծկռտուքը․ տեսանյութ
Նշենք, որ մի շարք համայնքներում նախընտրական հանդիպումների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «պողպատյա հեղափոխություն» պետք է արվի։ Նա իր համակիրներին ցույց էտալիս մուրճն ու նշում, որ հենց դրանով պետք է հանեն այն «ժանգոտած մեխերը», որոնք մնացել են քաղաքապետարաններում և մարզպետարաններում՝ նկատի ունենալով այլ քաղաքական ուժերին սատարող պաշտոնյաներին։
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները նախատեսված են հունիսի 20-ին։