Ինչպե՞ս է ադրբեջանական դրոշի նկարով գարեջուրը հայտնվել մեր շուկայում. ՍԱՏՄ-ի պարզաբանումը

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանում և Հայաստան է ներկրվել մաքսային միության կանոնակարգերով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի - Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պարզաբանում է տարածել` հայտնելով, թե ինչպե՞ս է ստացվել, որ հայկական շուկայում ադրբեջանական դրոշի նկարով գարեջուր է հայտնվել։

Նշենք, որ սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որի վրա ադրբեջանական դրոշն է:

«Գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են ֆուտբոլի Եվրո-2020 առաջնության խաղերը։ «Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո-2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են դրոշները »,–նշված է հաղորդագրության մեջ։

Ֆուտբոլային մեկնաբան Կարեն Ռաֆայելյանի՝ Եվրո-2020–ի հավատարմագրումը հաստատվել է

ՍԱՏՄ-ն հայտնում է, որ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանում և Հայաստան է ներկրվել մաքսային միության կանոնակարգերով` մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ:

Նշենք, որ Եվրո–2020–ը մեկնարկել է հունիսի 11–ին, այն կավարտվի հուլիսի 11–ին։ Հանդիպումները կայանալու են 10 քաղաքներում, այդ թվում նաև` Բաքվում։