Հրանտ Բագրատյանի դիտարկմամբ` խնդրահարույց հարցերի վերաբերյալ իրենք ներկայացնում են շատ իրատեսական, հետաքրքիր լուծումներ, որոնք 100 տոկոսով տարբերվում են գործող իշխանության ծրագրից։ Անդրադառնալով, մասնավորապես, անվտանգության հրատապ խնդիրներին` Բագրատյանը նշեց, որ, օրինակ, Կապան քաղաքի արևելյան ու արևմտյան մուտքերն այսօր վերահսկվում են ադրբեջանցիների կողմից և իրանական բեռնատարները որպեսզի գան Հայաստան ու անցնեն Վրաստան, ստիված են երկու անգամ անցնել այն ճանապարհով, որտեղ նշված է. «Բարի գալուստ Ադրբեջան»։
Ըստ նրա` բեռնատարների հոսքը նվազել է, իրանցիները նեղացել են հայերից, ուստի նախընտրում են գնալ Թուրքիայով։
«Կապանը մեր իսկ տարածքում դարձել է անկլավ, ահա Նիկոլի հողատվության արդյունքը։ Մենք անհապաղ պահանջում ենք Ադրբեջանից վերականգնել այն սահմանը, որը եղել է հայկական ու ադրբեջանական խորհրդային հանրապետությունների միջև։ 2020 թվականի դեկտեմբերի 18-ի արձանագրությամբ Նիկոլ Փաշինյանը հանձնել է ավելի շատ, քան եղել է։ Google-ը վերցրել է խորհրդային քարտեզները, այնուհետև կաշառք ստանալով Ադրբեջանից` սահմանները տեղափոխել է դեպի արևմուտք»,– նշեց «Ազատություն» կուսակլցության նախագահը։
Նրա համոզմամբ` դեմարկացիայի ու դելիմիտացիայի բացակայությունը չի նշանակում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահման չկա։ Գիծը կա, մնում է սահմանագծի հիմքի վրա իրականացանել դեմարկացիա և դելիմիտացիա, հայտնի է նաև, թե որ ուժը որքան պետք է հեռանա սահմանագծից, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ստում է` չարաշահելով դեմարկացիայի հարցը։
«Խորհրդային Միությունում երկրների միջև սահման չկար, այլ կար սահմանագիծ։ Հայաստանի ու Ադրբեջան միջև սահմանագիծը միշտ եղել է։ Ադրբեջանցիներին տանելու անհրաժեշտություն այլևս չկա, նրանց պետք է տանք ժամանակ, եթե չհեռանան մեր տարածքներից, ապա նրանց պետք է դուրս շպրտել ուժային մեթոդով։ Բոլոր սահմանապահներին, որոնք թույլ են տվել ադրբեջանցիներին ներթափանցել Հայաստան, պետք է ձերբակալել ու տեղափոխել բանտ»,– նշեց «Ազատություն» կուսակցության նախագահը։
Բագրատյանն անվտանգության հարցերից զատ, անդրադարձավ նաև տնտեսական խնդիրներին և նշեց իշխանության գալու պարագայում իրականացվելիք առաջին երեք քայլերը։ Նրա պնդմամբ`նախ կհիմնադրվի սուվերեն «Հայաստան» հիմնադրամ, որտեղ պետությունը արտասահմանում բնակվող հայերին կերաշխավորի որոշակի տոկոսով իրենց ներդրումը, պետությունը նրանց կվաճառի փայաբաժին, բիզնես և վերջիններս չեն հարաբերվի տեղացի գործարարների հետ, արդյունքում կապահովվեն մեծ շահույթներ։
Հրանտ Բագրատյանը, Զարուհի Փոստանջյանը և Գառնիկ Իսագուլյանը առաջարկով են հանդես եկել
«Երկրորդ` բոլոր բանկերը պետք է դառնան բաց բաժնետիրական ընկերություններ ֆոնդային բորսայում և անցում կատարվի մասնագիտացված բանկային համակարգի, մինչդեռ մենք ունենք ունիվերսալ, դատարկ ու անտեղի բանկային համակարգ, որտեղ ռիսկեր չկան, իսկ եթե կան, ապա արտադրության գլխին են»,– նշեց վարչապետի թեկնածուն։
Բագրատյանի խոսքով` երրորդ կարևոր քայլը ավելացված արժեքի հարկի վերացումն է և անցումը շրջանառության հարկի չորս դրույքով` 0, 3, 6, 9 տոկոսի չափով, ինչը կհեշտացնի բիզնեսը և կխթանի նրա գործունեությունը։ Բագրատյանի պնդմամբ` վերոհիշյալ երեք կետերը չկան մյուս բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում։ ՀՀ նախկին վարչապետի հավաստմամբ` Հայաստանի տնտեսությունն իր պաշտոնավարման երրորդ տարում կծաղկի, իսկ 10 տարի հետո կարող է մեր տարածաշրջանում ունենալ տեխնոլոգիական այն դերը, որն ունի Իսրայելը Մերձավոր Արևելքում։
Ալիևը «տալաշ–տալաշ» վերցնելու է, որ հետո որոշի` Ղարաբաղին ինչ կարգավիճակ տա. Բագրատյան
Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։
Հիշեցնենք` խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։