Ռուբեն Խլղաթյանը պետք է փող տար 147 ընտրողի. ՀՔԾ-ում կաշառքի գործերով 8 կասկածյալ կա

ՀՔԾ–ն հայտնում է, որ ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված քրգործերի շրջանակներում առհասարակ 3 կալանավորված կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը որոշել էր արտահերթ ընտրություններին իրենց դաշինքի օգտին կողմ քվեարկելու նպատակով Արմավիրի առնվազն 147 ընտրողի գումարի տեսքով ընտրակաշառք տալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՔԾ–ն` անդրադառնալով Խլղաթյանի կալանավորման դեպքին։

Արմավիրի նախկին քաղաքապետը բռնվել է ընտրակաշառք տալու պահին. տեսանյութ

Ըստ ՀՔԾ-ի՝ ապացույցներով հիմնավորվել է, որ հունիսի 20-ին կայանալիք ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Խլղաթյանը, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ Արմավիրի մի շարք ընտրողների:

Նրանք 9 մլն դրամ էին նախատեսել Արմավիրի բնակիչներին կաշառելու համար։ Խլղաթյանին, Գ. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին 2-րդ կետերով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը)։ Նրանք կալանավորվել են։

ՀՔԾ–ն հայտնում է նաև, որ ընտրակաշառքի դեպքերի առթիվ հարուցված և հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործերի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 3 անձի, որոնց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 8 անձ ունեն կասկածյալի կարգավիճակ:

Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 

Հիշեցնենք, որ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափությունը դատական կարգով բողոքարկելու համար պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։