Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

Եկեք անկեղծ լինենք։ Անընդհատ ասելով, թե աշխարհը հետաքրքիր և գեղեցիկ է իր բազմազանությամբ, իրականում նախընտրում ենք պարզ ու հասկանալի աշխարհը, որտեղ ամեն ինչ միանշանակ է՝ կան հերոսներ, որոնց մենք ինքնամոռաց երկրպագում ենք, և կան չարագործներ, որոնց մենք խորապես ատում ենք։
Sputnik
Հեղափոխության հետևանքները, կամ ով չի ուզում երջանիկ լինել՝ գնդակահարել

Համաձայն չե՞ք՝ պարզապես ևս մի հայացք ձգեք մեր այսօրվա նախընտրական իրականությանը։ Այնինչ ամեն ինչ շատ ավելի բարդ է, և նույն մարդը կարող է լինել թե՛ մեզ համար անընդունելի գաղափարների, թե՛ մարդկային լավագույն հատկանիշների մարմնացում։ Շատերը պնդում են, թե հենց այդպիսի կերպար էր Չե Գևարան, որի ծննդյան տարեդարձը նրա բազմաթիվ համակիրները ողջ աշխարհում նշում են հենց այսօր՝ հունիսի 14-ին։

​Իմ սերնդակիցները հաստատ դեռ դպրոցից կհիշեն Վլադիմիր Լենինի պնդումն այն մասին, որ հեղափոխությունները կատարվում են այն ժամանակ, երբ այսպես կոչված «վերևները» այլևս չեն կարող, իսկ «ներքևները» այլևս չեն ուզում ապրել այնպես, ինչպես ապրում են։ Պարզ ասած՝ հեղափոխությունն անխուսափելի է դառնում, երբ զանգվածները հասունանում են այն իրականություն դարձնելու համար։ «Չէ՛, -ասում էր Չե Գևարան,- պետք չի սպասել մինչև հասարակությունը հասունանա հեղափոխության համար, բավական է, որ իրենք՝ հեղափոխականները, դրան պատրաստ լինեն»։

Ընդամենը 2 կուսակցություն խորհրդարանում. սա մեր անցյա՞լն է, թե՞ ապագան

Ու Կուբայում Գևարայի այդ սկզբունքն աշխատեց։ Բայց հեղափոխությունից հետո շատ հաճախ սկսվում է այն, ինչի մասին զգուշացնում են համաշխարհային պատմությանը լավ ծանոթ մասնագետները։ Գնդակահարություններ։ Կրկին հիշեցնեմ Սովետը, որի օրոք դառը կատակում էինք. «Կոմունիզմի ժամանակ բոլորը երջանիկ կլինեն, իսկ նա, ով երջանիկ չլինի, պարզապես կգնդակահարվի»։

​Չե Գևարան անկեղծորեն հավատում էր, որ ի վերջո ժամանակակից մարդուն՝ Հոմո սափիենսին, փոխարինելու կգա Հոմո մորալիսը։ Երևի հասկանում եք, որ խոսքը բարոյական, առաքինի մարդու մասին է, և այդ դեպքում բոլոր մարդիկ եղբայրներ կլինեն։ Համաձայնեք՝ հրաշալի գաղափար է։ Բայց ոմանք հավատացած են, որ հենց այդ գեղեցիկ գաղափարն է ծնում բռնություն և տեռոր։ Որովհետև, եթե ես ուզում եմ ստեղծել նոր մարդկանց հասարակություն, բա ի՞նչ անեմ հների, նախկինների հետ։ Իհարկե, պիտի գնդակահարեմ։ Այսքանից հետո միթե՞ ձեզ զարմանալի է թվում, որ 1964 թվականին, ելույթ ունենալով ՄԱԿ-ում, Չե Գևարան անկեղծորեն հայտարարել է. «Ասում եք՝ գնդակահարություննե՞ր։ Այո՛։ Գնդակահարել ենք, գնդակահարում ենք և պիտի գնդակահարենք»։

Նահանջի տեղ չկա, վտանգ ես զգում, պիտի առաջինը հարձակվես, կամ Իսրայելի հաղթանակի բանաձևը

​Հեղափոխականի այս խոսքերը երևի թե կարող են հաստատել բրիտանացի պատմաբան Հյու Թոմասի պնդման արդարացիությունը. «Կյանքի վերջում այդ մարդը համոզված էր, որ բռնությունը հանուն բռնության շատ լավ բան է»։ Դժվար է չհամաձայնել նաև ռուսաստանցի քաղաքագետ Վլադիմիր Պաստուխովի հետ, որն ասում է. «Այն մարդկանց, որոնք ինչ-որ գաղափարի գերի են դառնում, 10 կիլոմետր էլ չի կարելի մոտ թողնել իրական իշխանությանը, իրական քաղաքականությանը։ Որովհետև նրանք ամեն ինչ ընկալում են որպես իրենց պատկերացրած սցենարի մի մաս»։ Ախր ռուսաստանցի մասնագետի ասածների ճշմարտացիությունը մենք ամեն օր ենք զգում մեր այսօրվա կյանքում։

​Փորձեք, օրինակ, փաստել, որ, դատելով պաշտոնական վիճակագրական տվյալներից, արտագաղթն այժմ ավելի լուրջ պրոբլեմ է դարձել։ Ձեզ միանգամից կհակադարձեն՝ դուք պարզապես օտարերկրյա գործակալ եք, որովհետև եթե մեր սիրելի իշխանավորները պնդում են, որ արտագաղթը նվազել է, ուրեմն այն նվազել է։ Ավելին, դուք ինքներդ պատռում եք գործակալի ձեր դիմակը և ցույց եք տալիս ձեր իսկական դեմքը, երբ փորձում եք համոզել, որ առաջ հաղթանակ ենք տարել, իսկ հիմա պարտվել ենք։ Դուք պարզապես չեք հասկանում, որ մեր այս պարտությամբ պետք է միայն հպարտանալ։

Արտահերթ, բայց ոչ արտառոց. հոլանդական ընտրություններն ու հայ «չգործարար» թեկնածուները

​Եվ վերջում։ Չէ Գևարայի կերպարը, իհարկե, ամենևին էլ միանշանակ չէ։ Բայց դա ունի իր շատ պարզ բացատրությունը՝  կերպար ստեղծողը հենց մենք ենք։ Եվ ուրեմն բոլորովին պատահական չէ, որ Գևարային ոմանք սուրբ են անվանում, մյուսները՝ մսագործ։ Հո չե՞ք հերքի՝ ախր շատ, շատ ծանոթ պատկեր է։