100-ից ավել դպրոցներում մասնագետների պակաս կա. օրենքի փոփոխությունը կլուծի՞ խնդիրը

Կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը կարծում է, որ կադրերի խնդիրը պետք է լուծվի ոչ միայն օրենքի փոփոխությամբ, այլ նաև աշխատավարձերի վերանայման միջոցով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի - Sputnik. Դպրոցներում ուսուցիչների շարքերը լրացնելու նոր կարգը` ոչ մանկավարժական կրթությամբ անձանց նույնպես աշխատանքի ընդունելը, չնայած դրական, բայց ժամանակավոր լուծում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերով փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով «Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ կատարելու նախագծին։

32 դպրոցում ֆիզիկա և քիմիա չի դասավանդվել մասնագետ չլինելու պատճառով. ԱԺ–ի լուծումը

«Հանրակրթության մասին օրենքում» փոփոխություններ են կատարվել, ըստ որոնց` այսուհետ դպրոցներում կկարողանան դասավանդել նաև մանկավարժական կրթություն չունեցող ոլորտային մասնագետները։

«Այն, որ այս նախագիծը դրական է, ոչ միայն իմ, այլ նաև կրթական ոլորտի մասնագետների և ուսուցիչների կարծիքն է։ Հարցն այն է, որ 100-ից ավել դպրոցներում մասնագետների պակաս կա, և դրանք այն դպրոցներն են, որոնք գտնվում են սահմանամերձ համայնքներում։ Բացի այդ, գյուղական դպրոցներում կա մասնագետների կարիք»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` օրենքի փոփոխությամբ 2 խնդիր է լուծվում. սա կլրացնի մասնագետների բացը` աշխատելու հնարավորություն տալով մարդկանց, որոնք բուհական կրթություն ունեն, սակայն մանկավարժական կրթություն և մեթոդաբանության փորձ չունեն։

«Մեզ պետք են մարդիկ, որոնք թևերը քշտած կկատարեն ամենօրյա աշխատանք». կրթության փորձագետ

Հարցն այն է, որ այստեղ պետք է շատ նրբանկատ լինել և անպայման վերապատրաստել նրանց, ովքեր կուզենան դպրոցներ մտնել։ Այսինքն` մեկը, որն ավարտել է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետը, սակայն մանկավարժի որակավորում չունի, պետք է անպայման որոշակի վերապատրաստում անցնի դպրոցում դասավանդելուց առաջ։

Մխիթարյանը, սակայն, նկատում է` ուսուցիչների աշխատավարձերի վերանայման խնդիր էլ կա։ Նրա խոսքով` երկիրը, որը մտածում է իր ապագայի մասին, պետք է անպայման ուսուցիչների աշխատավարձերի մասին էլ մտածի։

«Հայաստանի նման երկիրը, որը ժամանակին Խորհրդային Միությունում ունեցել է բարձրագույն կրթության ամենաբարձր մակարդակը, պետք է օգտագործի այդ փորձը և հնարավորություն տա, որպեսզի մարդիկ տարբեր ոլորտներից «հոսեն» դեպի կրթական համակարգ։ Իհարկե, ուսուցիչների աշխատավարձի որոշակի վերանայմանը զուգահեռ` սա պետք է լինի»,–ասում է Մխիթարյանը։

Մասնագետի խոսքով` պետք է ևս մեկ փոփոխություն էլ լինի. անհրաժեշտ է` պատվերով տեղեր լինեն բուհերում։ Այսինքն` այս կամ այն գյուղի դպրոցն ավարտած լավագույն շրջանավարտներին հնարավորություն տան պետպատվերի շրջանակներում սովորել մանկավարժական համալսարաններում` պայմանով, որ հետ վերադառնան և գյուղի դպրոցում դասավանդեն որոշակի ժամանակաշրջան։

Հնարավոր է` Հայաստանում նոր դպրոցներ բացվեն ազգային փոքրամասնությունների համար

Մխիթարյանը վստահեցնում է` սա արդարացված մոտեցում կլինի, քանի որ շատ ծախսեր չեն պահանջվի դպրոցների պարագայում. կադրերը կլինեն տեղից, տեղի նիստուկացին ծանոթ։

Մխիթարյանը հավելեց, որ այս ամենին զուգահեռ` անհրաժեշտ է կադրային քաղաքականության առումով հեռանկարային լուծումների մասին մտածել։

Հիշեցնենք, որ, օրինակ, 2020-21-րդ ուսումնական տարում ոչ մի դիմորդ ֆիզիկա մասնագիտությունը չի ընտրել մանկավարժական մասնագիտացում ունեցող բուհերում։ Նախկին օրենքի համաձայն` մանկավարժ դառնալու համար պարտադիր էր բազային կրթություն ունենալ, իսկ հիմա այդ դրույթը հանվեց։

«Մի ամբողջ սերունդ կարող ենք կորցնել». ինչ պետք է անի կրթության նորանշանակ նախարարը