Ընտրակաշառքի գործով կալանավորվել են Արմավիրի նախկին քաղաքապետն ու Ջանֆիդայի մեկ բնակիչ 

Կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել նաև Ջանֆիդա գյուղի մի բնակչի նկատմամբ, որի տանն էլ, ըստ դատախազության, բռնվել են տանտերն ու նախկին քաղաքապետը՝ 9մլն․ փոխանցելու պահին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը կալանավորվել է։ Դատարանը բավարարել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունները։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում։

Նախկին քաղաքապետից բացի կալանավորվել է նաև Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ․ Պ․-ն։
Ռուբեն Խլղաթյանին և Գ․Պ-ին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով։

Արմավիրի նախկին քաղաքապետը բռնվել է ընտրակաշառք տալու պահին. տեսանյութ

Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9 մլն ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։ Դատախազության տվյալներով` դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։

Հունիսի 10-ին, ժամը 16։30-ին, Գ. Պ.-ի` Ջանֆիդա գյուղում գտնվող տանը ոստիկանության ծառայողները բռնել են տան տիրոջն ու Խլղաթյանին` 9.000.000 ՀՀ դրամ գումարի փոխանցման պահին։

Հիշեցնենք` «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության մասին Facebook–ի իր էջում հայտնել էր Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը։
Նա նշել էր, որ այդ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ, ամբողջը շինծու և ապօրինի է, նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Փոխադարձ մեղադրանք և հայհոյանք. ՄԻՊ-ն ասել է` ինչպես պետք է լինի քաղաքակիրթ ընտրապայքարը

Ռուբեն Խլղաթյանի ձերբակալության իրավաչափությունը դատական կարգով բողոքարկելու համար պաշտպաններն արդեն բողոք են ներկայացրել դատարան։

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։