Վստահության այս միջոցները կօգնեն բանակցություններին․ ԵԱՀԿ-ն՝ 15 գերիների վերադարձի մասին

ԵԱՀԿ ղեկավարը վստահ է, որ հայ ռազմագերիների վերադարձն ականապատ դաշտերի քարտեզի դիմաց թույլ կտա անհրաժեշտ մթնոլորտ ստեղծել բանակցությունները շարունակելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի կողմից 15 հայ գերիների վերադարձը՝ ականապատ տարածքների քարտեզի դիմաց։ ԵԱՀԿ ղեկավարը գրառում է արել Twitter-ում՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցածին։

Բլինկենը ողջունել է 15 գերիներին Հայաստանին փոխանցելը և շնորհակալություն հայտնել Վրաստանին

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել», - գրել է Լինդեն:

Նրա խոսքով՝ վստահության ամրապնդման այս միջոցները կօգնեն համապատասխան մթնոլորտ ստեղծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար:

Հիշեցնենք` հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերի։ Այդ տեղեկությունը հաստատեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ավելին` լուսանկար հրապարակեց, որում 15 տղաներն են, ապա նաև հայտնեց Հայաստան վերադարձածների անունները։

Հավելենք` ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի հաստատումից հետո Ադրբեջանում պահվող գերիների և պատանդների վերադարձի հարցը վերջնականապես չի լուծվում։ Ադրբեջանը չի շտապում վերադարձնել բոլոր գերիներին։

Գերիներին վերադարձնելու պայմանավորվածության հարցում վճռորոշ դեր է ունեցել Մուրադովը

Ավելին` 26 հայ ռազմագերիների ներկայացրել է որպես դիվերսանտներ և համապատասխան մեղադրանք առաջադրել։

Անցած ժամանակահատվածում փոխանակման ընդամենը մի քանի դեպք է եղել, և բացի այս, հայրենիք են վերադարձել 69 հայ զինվորականներ և քաղաքացիական անձինք: Ըստ իրավապաշտպանների` Ադրբեջանում ավելի քան 200 հայ գերի կա։