ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik․ Ազգությամբ հայ, ռուսաստանցի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը խոստովանել է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնում իրեն է տեսնում և շատ է ցանկանում, որ հայ ֆուտբոլիստները հայտնվեն աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում: Այս «խոստովանությունները» նա արել է Instagram-ի իր եջում՝ պատասխանելով բաժանորդների հարցերին։
Անդրեասյանը պատմել է, որ ներկայումս Հայաստանում ընթանում են իր նոր սերիալի նկարահանումները, սակայն մանրամասները չի բացահայտել՝ խոստանալով դա անել մոտ ապագայում:
Ռեժիսորը նաև ասել է, թե ով է իր ամենասիրելի հայ դերասանը։ «Ահա նա է իմ սիրելի հայն ու դերասանը՝ Հրանտ Թոխատյան»,- գրել է Անդրեասյանն ու Հրանտ Թոխատյանի հետ լուսանկար հրապարակել։
Անդրեասյանը խոստովանել է նաև, որ իրեն տեսնում է Հայաստանի վարչապետի պաշտոնում։
«Բայց դրա համար պետք է արմատապես փոխել կյանքը։ Ես դեռ կինոյով եմ զբաղվում», - գրել է նա։
Անդրեասյանը նաև անկեղծացել է, որ երկրպագում է Հայաստանի ֆուտբոլի հավաքականին և շատ է ցանկանում նրան տեսնել աշխարհի առաջնության եզրափակիչում: Ռեժիսորի կարծիքով՝ «պատմական պահին» հասնելու համար թիմին պետք է ևս երեք հաղթանակ տոնել։ Հայազգի ռեժիսորը դա միանգամայն իրական է համարում։