Կաշառք տալու մեջ մեղադրվող ԲՀԿ պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը կալանավորվել է

Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Ա. Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Սնունդ քվեի դիմա՞ց. ԿԸՀ-ում կասկածի տակ է Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ կալանավորված անձը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանն է։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանում ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը ընտրողներին բնամթերք է բաժանում նրանց ձայների դիմաց։

Կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էին տվյալ կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի ղեկավարը` Ա. Ա.-ն, և նույն գրասենյակի քարտուղարը` Ս. Զ.-ն:

Քրգործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) նախատեսված արարքի համար։

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

ԿԸՀ-ն համաձայն է․ պատգամավորի թեկնածուի դեմ քրեական գործ կհարուցվի