ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Twitter-ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով 15 հայ գերիների վերադարձին։
«ԱՄՆ–ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 ձերբակալվածների ազատ արձակումը։ Մենք շնորհակալ ենք նաև Վրաստանի կառավարությանը` կողմերի միջև բանակցություններին աջակցելու կենսական դերի համար։ Նման քայլերը տարածաշրջանի ժողովուրդներին կմոտեցնեն խաղաղ ապագային, որին նրանք արժանի են»,–նշված է Բլինկենի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանա–վրացական սահմանով Ադրբեջանը 15 հայ գերի է վերադարձրել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նրանց անունները և հայտնել` նախ բուժզննում կանցնեն տղաները, իսկ հետո հարազատները հնարավորություն կունենան տեսնել նրանց։