«Ակտիվ քննարկման մեջ ենք ռուսական կողմի հետ». Փաշինյանը` սահմանին ստեղծված իրավիճակի մասին

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ քայլ առ քայլ գնում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik.Հայաստանի իշխանությունն այս օրերին շատ ակտիվ քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման հարցով։ Քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում տեղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Գեղարքունիքի մարզում և ընդհանրապես Սոթք, Խոզնավար հատվածում ստեղծված իրավիճակի առնչությամբ մեր դիրքորոշումը հայտնել ենք. խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, միջազգային մեր գործընկերների ներգրավմամբ։ Ռուսաստանի մեր գործընկերները լայնորեն ներգրավված են խնդրի լուծման հարցում»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` քայլ առ քայլ գնում են խնդրի լուծմանը։ Փաշինյանը նշեց, որ համագործակցում են նաև միջազգային գործընկերների հետ։

Սակայն, ըստ Փաշինյանի, անվտանգության խնդիրները պետք է լուծվեն նաև մեր բանակի հզորացմամբ։ Նա նշում է, որ պետք է անցնենք պրոֆեսիոնալ բանակի` պայմանագրայինը պրոֆեսիոնալը չի։

Ինչո՞ւ է գերիների հարցով Մուրադովը զբաղվում․ կութեցու հարցը՝ Փաշինյանին

«Զինվորը պետք է ամբողջ օրը ոչ թե կենցաղով զբաղվի, այլ իր գիտելիքները մեծացնելու ուղղությամբ, սակայն սրա համար պետք է աշխատավարձը բարձրացնենք, զինանոցը համալրենք»,–ասաց Փաշինյանը։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։