ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Վահագնի թաղամասում։ ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ թաղամասում ռեստորանային համալիրի մոտակայքում հրդեհ է բռնկվել։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Ըստ նախնական տվյալների՝ այրվում են «Հար» խանութ սրահը, մոտակայքում կուտակած անասնակեր և կայանած չորս մարդատար ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ։
Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։