Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը

Ավելի վաղ Արզաքանցյանը չէր կարողացել ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել` նշելով, որ չի ճանաչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանին չգրանցելու որոշումը և սա համարում է քաղաքական կողմնակալության դրսևորում։

«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին

«Կարծում ենք` այս որոշումը կայացվել է ճնշման ներքո, քանի որ ՀԴԿ–ն վերածվել է լուրջ ուժի, իսկ Տիգրան Արզաքանցյանն այս ընթացքում ձեռք է բերել այնպիսի համբավ, որ վայելում է տասնյակ հազարավոր ընտրողների վստահությունը։ Նշենք, որ կուսակցական բոլոր փաստաթղթերն ընդունվել և գրանցվել են, օրենքը հետադարձ ուժ չունի: Որոշումը շուտով կբողոքարկվի դատարանում»,–նշված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն, ուսումնասիրելով Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից վարչապետի թեկնածու, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին ընտրական ցուցակում գրանցելու հարցը, երեկ որոշեց մերժել փաստաթղթերում ի հայտ եկած անճշտությունների պատճառով։

Արզաքանցյանը չկարողացավ ապացուցել, որ վերջին 4 տարիներին մշտապես բնակվել է Հայաստանում։ ԿԸՀ–ի հաշվարկներով՝ նա Հայաստանից բացակայել է փաստաթղթերի ներկայացման օրվան նախորդող 1461 օրից 1005 օրը։