Փաշինյանի հետ համագործակցությունը բացառվում է, իսկ Քոչարյանի՞. Արման Աբովյանի պատասխանը

ԲՀԿ քարտուղարը համաձայն չէ այն մտքի հետ, որ նախընտրական այս շրջանում գոյություն ունի երկու ֆավորիտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է և դեմ է լինելու քաղաքական հետապնդումներին և վենդետաներին։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։

Տիգրան Արզաքանցյանը դատարանում կվիճարկի ԿԸՀ-ի որոշումը

Նա հիշեցրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն էլ քաղաքական հետապնդման է ենթարկվել, անգամ ձերբակալվել։

«Մենք դեմ ենք վենդետաներին, սակայն ինչ վերաբերում է իրավական դաշտին, ապա այստեղ քաղաքական ուժերը չէ, որ պետք է որոշում կայացնեն։ Այսինքն` կարևոր է, որ քաղաքական ուժերը չգեներացնեն իրավական գործընթացները»,–ասաց Աբովյանը։

Անդրադառնալով լուրերին, թե այժմ երկու ֆավորիտ կա իրականում` իշխող ուժը և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` Աբովյանը չհամաձայնեց։

«Համաձայն չեմ, որ նախընտրական այս շրջանում գոյություն ունի երկու ֆավորիտ։ Այլ հարց է, որ ժողովրդի վզին փորձում են փաթաթել ֆավորիտիզմի կեղծ դրույթը։ Սակայն կարող եմ ասել` մենք բացառում ենք կոալիցիան Նիկոլ Փաշինյանի հետ, Ծառուկյանն ինքն է բացառել դա»,–ասաց Աբովյանը։

Չմոռանանք Բաքվի քայլերը. Արման Աբովյանը` գերիների հարցի և գլխատված ԱԳՆ–ի մասին

Հետաքրքրվեցինք` իսկ ի՞նչ կասի Քոչարյանի հետ հետագա հնարավոր համագործակցության մասին, ինչին ի պատասխան Աբովյանը նշեց, որ դեռևս ոչինչ ասել չի կարող։ Աբովյանի խոսքով` մնացած գործընթացների առումով ժամանակը ցույց կտա իրենց հետագա անելիքները, և այժմ ուղղակի զերծ կմնա մեկնաբանել հնարավոր համագործակցությունը մյուս ուժերի հետ։