«Որոշեցի չհեռացնել պտուղը, գիտեի` լավ կլինի». Նանեն ծնվել է պարանոցին գլխից մեծ ուռուցքով

Գյումրեցի աղջնակը ծնվելուց հետո ամիսներ շարունակ հիվանդանոցում է եղել։ Ծնողների համբերատարության, բժիշկների ջանքերի շնորհիվ փոքրիկն արդեն ընտանիքի հետ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. Փոքրիկ Նանեն, որն այժմ 11 ամսական է, հրաշքով է ողջ մնացել. ներարգանդային կյանքում պտղի մոտ պարանոցի գոյացություն է հայտնաբերվել, որը փոքրիկի լույս աշխարհ գալուց հետո արդեն նրա գլխից մեծ է եղել։

«Որոշեցի չհեռացնել պտուղը, գիտեի` լավ կլինի». Նանեն ծնվել է պարանոցին գլխից մեծ ուռուցքով

Նանեն 7 ամիս հիվանդանոցում է անցկացրել։

Նանեի մայրը պատմում է, որ 29 շաբաթական հղի է եղել, երբ հերթական ստուգման ժամանակ բժիշկն ասել է, որ պտուղը խնդիրներ ունի։

«Քանի որ Գյումրիում ենք ապրում, այնտեղ էլ բժշկի էի գնում։ Հերթական անգամ, երբ գնացի ստուգման, գինեկոլոգն ասաց` պտուղը պետք է հեռացվի, քանի որ լուրջ խնդիր կա։ Սակայն որոշեցինք ամուսնուս հետ գալ Երևան` ստուգման. չէի ուզում հեռացնել պտուղը։ Եկանք «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, բժիշկ Դավիթ Դալլաքյանը զննելուց հետո ասաց` կարող եմ ունենալ փոքրիկիս, բայց պիտի վիրահատեն»,–պատմում է մայրը։

Կինն ուրախությամբ է ընդունել երեխային չհեռացնելու հնարավորության լուրը և «Արմենիա» հանրապետական ԲԿ-ի բժիշկների հսկողության ներքո տարել հղիությունը։ Նա ասում է` լավատեսությունն է իրեն ուժ տվել և, իհարկե, բժիշկների տված հույսը։

Կապանցի 7–ամյա տղային շտապ կվիրահատեն Մոսկվայում. նրան թույլ են տվել հատել սահմանը

32 շաբաթական հղիության ժամանակ, երբ ինքնազգացողության վատացման պատճառով այցելել է բժշկի, պարզվել է, որ արդեն պետք է կեսարյան հատում արվի։

«Կեսարյան հատումից հետո երեխային տեղափոխեցին «Սուրբ Աստվածամայր», վիրահատեցին։ Ուշք ու միտքս աղջիկս էր։ Դժվար էր հեռու լինել. 3 ժամ է տևել վիրահատությունը։ Ես 1 շաբաթ անց վերականգնվեցի և այցելեցի փոքրիկիս, որը վերակենդանացման բաժանմունքում էր։ Հոգեբանորեն անբացատրելի վիճակում էի այդ օրերին, դժվար էր իհարկե»,–ասում է մայրը։

Նանեն, ի դեպ, ընտանիքի 3-րդ երեխան է։ Փոքրիկն արդեն ճանաչում է հարազատներին, ժպտում նրանց և սիրում ժամանակ անցկացնել նրանց հետ։ Նրա մայրը ուզում է խնդիրներ ունեցող բոլոր երեխաների ծնողներին միայն մեկ բան ասել` հուսահատվել պետք չէ։ Կինն արդեն գիտի` եթե հավատում ես, որ ամեն ինչ լավ է լինելու, վստահում ես բժիշկներին, վերջիններս ամեն ինչ անում են, որ հույսերդ արդարացնեն։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանն էլ պատմում է, որ երբ պտղի մոտ ախտորոշվել էր պարանոցի գոյացություն, հավանական է` տերատոմա, արդեն պտուղը չէր կարելի հեռացնել, քանի որ մեծ էր։ Առաջին հերթին մասնագետները զրուցել են ծնողների հետ, ասել` ինչ է սպասվում, զգուշացրել` հեշտ չի լինելու։

Դու մենակ չես. 7-ամյա Էրիկը գտել է երկրորդ «ես»-ն ու Նարեկի օգնությամբ հաղթահարել քաղցկեղը

«Ծննդաբերությունից առաջ մեր հանրապետական հիվանդանոցի գործընկերները տեղյակ պահեցին մեզ, գնացինք այնտեղ։ Մեր թիմով ներկա ենք եղել ծննդաբերական պրոցեսին և երեխան ծնվելուն պես խողովակ է անցկացվել շնչափողի մեջ, քանի որ գոյացությունը կոկորդն ու շնչափողը խեղել էր։ Իրականում բավական բարդ գործ էր, երեխայի կյանքին ամեն վայրկյան վտանգ կարող էր սպառնալ, նա կարող էր խեղդվել»,–ասում է Դալլաքյանը։

«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը

Նրա խոսքով` հաջող գործողությունից հետո երեխային տեղափոխել են իրենց ԲԿ, բարդ ու երկարատև վիրահատության ենթարկել։ Արդյունքում գոյացությունն ամբողջությամբ հեռացվել է։ Պարզվել է, որ գոյացությունը ձգվում է շնչափողի առաջնային պատից մինչև ըմպան։ Քանի որ ըմպանի պատը բացելուց ու գոյացությունը հեռացնելուց հետո երեխայի մոտ շնչառական և կլման խնդիր է եղել, նաև խողովակներ են տեղադրել։ Այսինքն` Նանեին այժմ կերակրում են գաստրիոստոմիկ խողովակի միջոցով, շնչում է տրախիոստոմիկ խողովակի միջոցով։

7 ամիս հիվանդանոցում անցկացնելուց հետո Նանեն արդեն դուրս է գրվել, բայց բժիշկների հսկողության ներքո է լինելու։ Դալլաքյանը վստահեցնում է` երեխայի մոտ որոշակի դրական դինամիկա կա։ Մայրը բժշկին ասել է` գդալով երեխայի բերանի մեջ մի քանի միլիլիտր կաթ է լցրել, ու նա կարողացել է կուլ տալ։ Սակայն դեռ ժամանակ է անհրաժեշտ վերականգնվելու համար։

«Դու մենակ չես». արցախցի Լյուսիյան վստահ է` կհաղթի լեյկոզին ու հարսի շոր կփորձի

«Երեխայի մոտ հիմա որոշակի նյարդաբանական խնդիրներ կան, և նա մի փոքր «հետ է մնում», դեռ չի կարողանում նստել։ Բայց մասնագետներն աշխատում են փոքրիկի հետ, այսինքն համբերատար սպասել է պետք»,–ասում է բժիշկն ու հավելում` դեպի վատը երեխան գնալ չի կարող, ուղղակի վերականգնման պրոցեսը երկար կարող է տևել։

Խողովակները հանելու համար, սակայն, հավելյալ վիրահատական միջամտության կարիք չի լինի։

Հավելենք, որ ըստ վիճակագրության` աշխարհում 20-40 000 նորածնից մեկի մոտ է նման դեպք հանդիպում։

«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը