Իդա Քարի՝ Հայաստանում արված լուսանկարները փոխանցվել են նախագահին

Հանրահայտ լուսանկարչուհու աշխատանքների ցուցահանդեսը, ամենայն հավանականությամբ, կկազմակերպվի սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության օրվա միջոցառումների շրջանակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik․ 20-րդ դարի հայազգի հռչակավոր լուսանկարիչ Իդա Քարի (Իդա Քարամյան) 1950-ական թվականների վերջում Հայաստանում արած լուսանկարների հարուստ հավաքածուն փոխանցվել է ՀՀ նախագահի աշխատակազմին։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է սփյուռքահայ բարերար, դերասանուհի, կինոպրոդյուսեր, սցենարիստ Վիրջինիա Դեյվիսին և սփյուռքահայ բարերարներ Անդրանիկ Գասպարյանին ու Րաֆֆի Դանիելյանին: Հենց տիկին Դեյվիսն էլ փոխանցել է լեգենդար լուսանկարչուհու գործերը։

Լոնդոնի բոհեմական հայուհին. ընտրյալներից մեկը, որին «սովետը» թույլ էր տալիս գալ ու աշխատել

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մշակութային մի շարք ծրագրերի, այդ թվում Հայաստանում Իդա Քարի աշխատանքների ցուցադրության կազմակերպմանը։

«Նախագահ Սարգսյանը կարևորել է հայազգի լուսանկարչի գործունեության հանրահռչակումը: Ողջունելով ցուցահանդեսի անցկացման գաղափարը՝ նա պատրաստակամություն հայտնել այն կազմակերպել նախագահական նստավայրում»,- նշված է հաղորդագրորւթյան մեջ։

Վիրջինիա Դեյվիսն առաջիկա ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը քննարկել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Առաջարկվել է ցուցահանդեսը կազմակերպել սեպտեմբերին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում:

Տիկին Դեյվիսը հայտնել է, որ Իդա Քարի լուսանկարների ցուցահանդես նախատեսում են կազմակերպել նաև Լոնդոնում և Նյու Յորքում:

Իդա Քարի՝ Հայաստանում արված լուսանկարները փոխանցվել են նախագահին

Այցելության ընթացքում հյուրերը նախագահին ներկայացրել են Հայաստանում և Արցախում իրենց նախաձեռնած մարդասիրական ծրագրերը, տեղեկացրել, որ պատրաստվում են առաջիկա օրերին ուխտագնացության մեկնել Արցախ։

Նշենք, որ Իդա Քարը ծնվել է Ռուսաստանում և երկար տարիներ ապրել Լոնդոնում։ Նա համարվում է Բրիտանիայի ամենահայտնի լուսանկարիչներից մեկը։ Նա հայտնի է հատկապես անվանի արվեստագետների և գրողների լուսանկարներով՝ Սոմերսեթ Մոեմի, Ժան-Պոլ Սարտրի, Էժեն Իոնեսկոյի, Թոմաս Էլիոթի, նկարիչ Մարկ Շագալի, իտալացի ֆուտուրիստ Ջինո Սեվերինիի, համաշխարհային հռչակ վայելող քանդակագործ Հենրի Մուրի, կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչի և այլոց։

Իդա Քարը եղել է նաև Խորհրդային Հայաստանում, լուսանկարել Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, Տիգրան Պետրոսյանին։ Նրա աշխատանքների մեծ մասը ներկայումս պահպանվում է Լոնդոնի դիմանկարների ազգային պատկերասրահում։