Արծվանիկում չե՞ն համոզում մարդկանց չընտրել «Հայաստան» դաշինքին. ոստիկանությունը հերքել է

Ոստիկաններն այցելել են համայնքի բնակիչներին և բացատրություններ վերցրել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ ոստիկանությունը հերքում է «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանի այն հայտարարությունը, թե ոստիկանները Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում անօրինական կերպով միջամտել են նախընտրական գործընթացներին։

«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին կասկածում է կողմնակալության մեջ

«Հայտնում ենք, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոստիկաններն իսկապես այցելել են համայնքի բնակիչներին՝ նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություններ վերցնելու նպատակով, առ այն, որ Արծվանիկի վարչական ղեկավարը բնակիչներին պարտադրել է առաջիկա ընտրություններում քվեարկել մասնակից ուժերից մեկի օգտին և հայտարարել է, որ հակառակ դեպքում նրանց կզրկի «ԶՊՄԿ» (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ) ՓԲԸ-ից պոչամբարի համար պայմանագրով տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունից»,-նշված է հաղորդագրության մեջ։

Այցերի ընթացքում ոստիկանները հանդիպել են համայնքի տասնյակ բնակիչների և վերցրել բացատրություններ։ Հետաքննությունը շարունակվում է։

Արտահերթ և արտակարգ ընտրություններ. ՀՀ նախագահը դիմել է կուսակցություններին և դաշինքներին

Հիշեցնենք` երեկ «Հայաստան» դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հայտարարել էր, որ արդեն մի քանի ահազանգ է ստացել՝ մարդկանց համոզում են, որ չընտրեն «Հայաստան» դաշինքին:

Նրա խոսքով`Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը սպառնում է որոշ համայնքների դպրոցի տնօրեններին, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններում չքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին:

Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։

«Հայաստան» դաշինքը ներկայացրել է իր նախընտրական ցուցակի առաջին 20 անունները