ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի - Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահեցնում է` 2008 թվականից հետո իշխանությունների հետ որևէ առնչություն ինքը չի ունեցել։ Նա Եղվարդում քարոզարշավի շրջանակներում նման կարծիք հայտնեց` արձագանքելով նկատառմանը, թե հիմա ժողովրդին իշխանությունն անընդհատ ասում է, թե եթե իրենք չանցնեն, նախկիններն են իշխանության գալու, սկսելու թիկնազորով շրջել, ժողովրդին անտեսել և այլն։
«Սա մարդկանց շատ հուզող հարց է, և եթե այդ ամենը չլիներ, հավանաբար, 2018-ի իրադարձությունները («թավշյա հեղափոխությունը»,–խմբ.) չէին լինի։ Սակայն 2009-ից 2018 թվականը ես նույնիսկ շփումներ չեմ ունեցել իշխանության հետ, քանի որ շատ բաներ կային, որոնց հետ ես համաձայն չէի։ Բացառվում է` նման կարգի դրսևորումներ մենք թույլ տանք։ Խստության տեսանկյունից բավարար կամք ունենք, բացի այդ, խստությունս ո՞րն է. մեկ–մեկ ուղղակի հայացքով նայում ես և վերջ, մարդ իր տեղում է նստում»,–ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը իրատեսական է համարում Սյունիքում ռուսական ռազմաբազայի տեղակայումը
Նա դիմեց հավաքվածներին` հարցնելով, թե երբևիցե լսե՞լ են իր ընտանիքի անդամներից որևէ մեկի կամ էլ բարեկամների կողմից լկտի պահվածքի ինչ–որ դեպք։ Դահլիճում հավաքվածների բացասական պատասխանից հետո Քոչարյանը նշեց` եթե «մերոնք չեն անում, բա ո՞վ է անում»։
Քոչարյանը հավելեց` նախկիններին «բոբո» են սարքում և ամբողջ նախկին ժամանակահատվածը փորձում իր հետ կապել։
Հիշեցնենք, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 20-ին։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 25 քաղաքական ուժ ՝ 4 դաշինք և 21 կուսակցություն։
«Նիկոլի թավիշը կերավ երկիրը». Արամ Մանուկյանը` Նիկոլ Փաշինյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին