Հունիսի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ Ադրբեջանին առաջարկեց հայելային տարբերակով զորքերը հեռացնել շփման գծից։ Դրանից հետո սահմանագծի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահներ, և արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ սկսվի Սոթք–Խոզնավար հատվածի սահմանների ճշգրտման աշխատանքը։
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի հրաժարվում սահմանազատման և սահմանագծման գործընթացից (և այս խոսքերից վախենալ պետք չէ), և այն Արցախին չի վնասի։
Միանգամից մի քանի հարց է առաջանում
Ինչո՞ւ Սոթք–Խոզնավար հատվածը։
Փաստացի, Հայաստանի արևելյան սահմանը երեք տարբեր մաս ունի։ Փաշինյանն առաջարկում է հստակեցնել սահմանը միայն Սոթք–Խոզնավար հատվածում։
Եվս երկու հատվածի ճակատագիրը պարզ չէ։ Առանց ճշգրտման են մնում Սոթքից վերև (Գեղարքունիքի մարզի հիմնական մասն ու ամբողջ Տավուշի մարզը) ու Խոզնավարից հարավ մինչև Իրանի հետ սահմանն (որն անմիջապես սահմանակից է ադրբեջանցիների կողմից զբաղեցրած Արցախի Քաշաթաղի շրջանի հետ) ընկած շփման գծերը։
Առաջին հարցը. Հայաստանի համար հստակ չէ Ադրբեջանի հետ ամբո՞ղջ սահմանը, թե՞ միայն Սոթք–Խոզնավար հատվածը։ Եվ երկրորդ հարցը` մենք հրաժարվո՞ւմ ենք նոյեմբերի 25-ին Ադրբեջանի վերահսկողությանը հանձնած Շահումյանի (Քարվաճառ/Քելբաջար) և Քաշաթաղի շրջանների մի մասի նկատմամբ հավակնություններից։
Եթե մենք պաշտոնապես ճանաչում ենք, որ այնտեղով է անցնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը, ապա հայկական կողմը պաշտոնապես և վերջնական «հրաժեշտ» է տալիս Քարվաճառին։
Ի վերջո, նոյեմբերի 9-ի հայտարարության կետը ստորագրվել է Ադրբեջանի կողմից ռազմական ճնշման պայմաններում։ Եվ ապագայում իրավական տեսանկյունից այս փաստարկը հնարավոր կլիներ օգտագործել։
Ի՞նչ է սպասվում Խոզնավարից Իրանի սահման ընկած հատվածին
Հասկանալի չէ նաև, թե ինչ է տեղի ունենալու Խոզնավար գյուղից հարավ ընկած մնացած հատվածում։ Շփման գծի մոտ գտնվող այդ տարածքը կարելի է երկու հատվածի բաժանել։
Առաջինը այն հատվածն է, որտեղով անցնում է Գորիս–Դավիթ Բեկ և Կապան–Ճակատեն ճանապարհը։
Դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ռուս սահմանապահները ճանապարհի այդ հատվածներում կապահովեն երթևեկության անվտանգությունը։
Այս տարվա փետրվարին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ այդ հատվածի վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Սակայն այդ պայմանավորվածության էության մասին մարտի 8-ի մեր հարցմանն ի պատասխան մենք որևէ մեկնաբանություն չստացանք։
Փաստորեն շփման գծի այդ հատվածն ու ճանապարհն առանձին ինչ-որ կարգավիճակ ունեն (ընդ որում` անհասկանալի է, թե ինչ կարգավիճակ)։
Եթե ենթադրենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այստեղ «բավարարվում» են փաստացի վերահսկմամբ, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել Սոթք–Խոզնավար հատվածում։
Երկրորդը մինչև Իրանի սահմանը Ճակատեն գյուղից հարավ ընկած շփման գծի հատվածն է։
Այս հատվածը ևս անհամաձայնեցված է մնում, և հարց է առաջանում` ինչո՞ւ։
Եթե Սոթք–Խոզնավար հատվածի վերաբերյալ Փաշինյանի առաջարկը կապված է միայն այստեղ ադրբեջանական ԶՈւ–ի ներխուժման հետ, ապա խնդիրը հենց դրանում է։ Անթույլատրելի է սկսել դելիմիտացիայի գործընթացը ուժի կիրառման սպառնալիքի տակ (կամ փաստացի ներխուժման)։ Սա միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների խախտում է։
Նույն հաջողությամբ ադրբեջանական ԶՈւ–ն կարող է ներխուժել Ճակատենից հարավ գտնվող հատված և պահանջել իրեն շահավետ պայմաններով սահմանագծում և սահմանազատում իրականացնել։
Ստացվում է, որ իշխանության առաջարկած որոշումը, ի հեճուկս ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ոչ մի կերպ չի բխում Երևանի և Ստեփանակերտի շահերից։ Առավել ևս, չի ապահովում դրանց անվտանգությունը։
Այն մասին, որ խորհրդային սահմանների ճանաչմամբ Հայաստանը Արցախն ադրբեջանական է ճանաչում ընթերցեք Sputnik Արմենիայի այս հոդվածում։