Նոբել Առուստամյանի դեպքում ՈւԵՖԱ–ն բացառություն արեց. Ադրբեջանի պլանները ձախողվեցին

Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի հերթական անգամ դրսևորեն իրենց ատելությունը հայ ազգի նկատմամբ։ Տվյալ դեպքում նրանց թիրախում հայտնվեց Ռուսաստանի հայազգի հայտնի մեկնաբան Նոբել Առուստամյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի- Sputnik, Խաչիկ Չախոյան. Матч ТВ հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը Եվրո-2020-ը կլուսաբանի Եվրոպայի առաջնության բոլոր քաղաքներից, բացի Ադրբեջանի մայրաքաղաքից։ Հայազգի մեկնաբանի համար բացառություն է արվել, և նա ստացել է Եվրո-2020-ի հավատարմագիրը։

Արդեն երկու օր է, ինչ համացանցում բուռն քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի Матч ТВ սպորտային հեռուստաալիքի հայազգի մեկնաբան Նոբել Առուստամյանին Եվրո-2020-ի հավատարմագիր չտրամադրելու հարցը։ Ըստ կանոնակարգի` Եվրոպայի առաջնությունն ընդունող բոլոր քաղաքները պետք է տան իրենց համաձայնությունը յուրաքանչյուր լրագրողի հավատարմագրման համար։ Եթե այդ քաղաքներից մեկը հավաստագիր չի տրամադրում, լրագրողը զրկվում է մրցաշարը լուսաբանելուց։

Ղարաբաղում մրցաշար եմ անցկացրել և հպարտ եմ. Նոբել Առուստամյանը` Բաքվի պահվածքի մասին

Նոբել Առուստամյանի պարագայում ՈւԵՖԱ–ն, ընդառաջելով ՌԴ ԱԳՆ-ն խնդրանքին, այս անգամ բացառություն արեց և, անտեսելով Բաքվի հավաստագիր չտալը, Առուստամյանին հավատարմագրեց մնացած 10 քաղաքներում ընթացող խաղերը լուսաբանելու համար։

Ադրբեջանի իշխանություններին այս անգամ չհաջողվեց քաղաքականությունը սպորտ մտցնել։ Հայազգի մեկնաբանը Telegram-ի իր էջում, խոսելով իր հավատագրման հետ կապված խնդիրների մասին, գրել է, որ ամեն ինչ արդեն հարթվել է, և ինքը հավատարմագրվել է Եվրո-2020-ը լուսաբանելու համար։

Նոբել Առուստամյանը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը լուսաբանելու է մրցաշարը անցկացնող 11 քաղաքներից 10-ից։ Այսինքն` Առուստամյանը չի մեկնելու միայն Բաքու։ Telegram-ի իր էջում հայազգի մեկնաբանը գրել է, որ հասկանալի պատճառներով չի էլ պլանավորել Բաքու մեկնել, չնայած ինքը ծնվել է այդ քաղաքում։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Սպասելի էր Բաքվի պահվածքը։ Իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովն էլ հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրումը մերժելը կապված է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի հետ»:

Նոբել Առուստամյանը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հին աշխարհամասի առաջնությունը մեկնարկում է վաղը՝ հունիսի 11-ին, իսկ Եվրոպայի չեմպիոնը հայտնի կդառնա ուղիղ մեկ ամիս անց՝ հուլիսի 11-ին։