ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունից հետո հանրությունը տարակուսած է, և մարդիկ չգիտեն` այդ ձայնագրությամբ Սարգսյանն ուզում էր վնա՞ս տալ Փաշինյանին, թե՞ օգուտ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց Սպիտակում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ։
Հայտնել էինք, որ Փաշինյանն ասել էր, թե Սարգսյանը Մոնտե Կառլոյի խաղատանը ծախսել է զինվորների գումարը։ Դրանից հետո Սարգսյանը 24 ժամ տվեց Փաշինյանին` ասելով, որ կա՛մ պետք է փաստ հրապարակի, կա՛մ էլ ինքը կհրապարակի մի բան, որից հետո ժողովուրդը կթքի Փաշինյանի, նրա ընտանիքի երեսին։ Երեկ Սարգսյանը ձայնագրություն հրապարակեց, որտեղ Փաշինյանն ասում է, թե առանց Արցախի կարգավիճակի ճշգրտման լուծում հնարավոր չէ։
«Ժողովրդի մոտ առաջ եկած հարցը շատ լեգիտիմ է։ Այն, ինչ հրապարակել է Սերժ Սարգսյանը, լիովին ամրապնդում է մեր այն դիրքորոշումները, ինչի մասին խոսել ենք վերջին 7 ամիսներին։ Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ 2018-ի մայիսին ԼՂ բանակցային գործընթացը ժառանգել եմ փակուղային վիճակում»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այդ պահին ամենակարևոր խնդիրն այն է, որ միջնորդները հետագա զարգացումների վերաբերյալ, ըստ էության, արտահայտել էին նույն դիրքորոշումը, ինչ Ադրբեջանը։ Փաշինյանն ասում է, որ միջազգային հանրությունը նույնպես Հայաստանի առաջ խնդիր էր դրել` վերադարձնել տարածքները ոչ մի բանի դիմաց։
«Կոմպրոմատ չեմ համարի». քաղաքագետը` Սերժ Սարգսյանի ձայնագրության մասին
«Այսինքն` 2018-ին իրադրության զարգացման նման հնարավորություն կար` տարածքներ ոչ մի բանի դիմաց և ներքին տեղահանվածների անվան ներքո ադրբեջանցիների վերադարձ Ղարաբաղ։ Իսկ որտե՞ղ պետք է վերադառնային` սարերո՞ւմ և անտառներո՞ւմ. պետք է ապրեին այնտեղ, որտեղ ապրում էին շարժման մեկնարկից առաջ»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը հնարավորություն տվեց այս ամբողջ խոսակցությունը բացելու։
Փաշինյանը նշեց, որ ԼՂ հարցի շուրջ նման իրավիճակ է ստեղծվել դեռ 1998-ին, երբ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ կարգավիճակի հարցը զիջվեց իր իշխանության պահպանման համար։
Փաշինյանն ասաց` ինքն էլ չգիտի, թե «լավ, էդ մարդն ինչի՞ համար է հրապարակել այդ ձայնագրությունը»։
Հիշեցնենք, որ ըստ Սերժ Սարգսյանի` ձայնագրությունը փաստում է, որ Փաշինյանը հրահրել է Արցախյան պատերազմը։