ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին օրեր առաջ ապտակած տղամարդը կկանգնի դատարանի առաջ, գրում է Guardian-ը։
Նշվում է, որ արարքը կատարած 28-ամյա գործազուրկ Դամիեն Թարելը խոստովանել է, որ ինքն է ապտակել է Մակրոնին, սակայն ասել է, որ կանխամտածված չի արել դա։ Նա նաև նշել է, որ հակակառավարական «դեղին ժիլետներ» շարժման անդամ է և ունի աջ ծայրահեղական քաղաքական համոզմունքներ:
«Նա պնդում էր, որ կանխամտածված ոչինչ չի արել, այլ առանց մտածելու այդպես է իր դժգոհությունը արտահայտել»,- հայտնել է դատախազ Ալեքս Փերին:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակել էին Դրոմ դեպարտամենտ կատարած այցի ժամանակ։ Տեսանյութում երևում էր, որ Ֆրանսիայի նախագահը մոտենում է իրեն սպասող մարդկանց ու ձեռքը մեկնում տղամարդկանցից մեկին։
Վերջինս մի ձեռքով բռնում է Մակրոնի թևը և մյուսով ապտակում նրան։ Անմիջապես միջամտում են թիկնապահները։