Առուստամյանը Եվրո-2020-ի՝ Բաքվում կայանալիք խաղերի համար հավատարմագրում չի ստացել

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հայտնել էին, որ մարզական մեկնաբանին հավատարմագրել են Եվրո-2020-ում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանաբնակ հայազգի լրագրող և մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագիր չի ստացել Ադրբեջանում կայանալիք Եվրո-2020-ի խաղերում աշխատելու համար: Վերլուծաբանը չի կարող աշխատել Բաքվում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է իրավիճակին ծանոթ դիվանագիտական աղբյուրը։

Ղարաբաղում մրցաշար եմ անցկացրել և հպարտ եմ. Նոբել Առուստամյանը` Բաքվի պահվածքի մասին

«Առուստամյանը Բաքվի խաղերի համար հավատարմագրում չի ստացել։ Նա Ադրբեջան մեկնել չի կարող»,-հայտնել է գործակալության զրուցակիցը։

Այսօր առավոտյան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան և «Матч ТВ»-ի գլխավոր պրոդյուսեր Թինա Կանդելակին հայտնեցին, որ ՈՒԵՖԱ-ի աջակցությամբ խնդիրը հաջողվել է կարգավորել և Առուստամյանին ի վերջո հավատարմագրել են։

Սկանդալը սկսվել էր երկու օր առաջ, երբ բլոգեր Վասիլի Ուտկինը իր Telegram-ալիքում հայտնել էր, որ Բաքվում Եվրո-2020-ի կազմկոմիտեն արգելափակել է ռուսաստանցի լրագրողի հավատարմագրումը:

Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի ասոցիացիայի փոխնախագահ Էլհան Մամեդովը հայտարարել էր, որ Եվրո-2020-ում Նոբել Առուստամյանի հավատարմագրման մերժելը կապված է «նրա այցերի հետ օկուպացված ադրբեջանական տարածքներ»։ Խոսքն Արցախի մասին է։

Մարիա Զախարովան մեկնաբանել է Նոբել Առուստամյանի շուրջ ստեղծված իրավիճակը

Առուստամյանի խոսքով ՝ ինքը եղել է Արցախում, որտեղ և ծնվել է իր պապը։

Եվրո-2020-ը պետք է կայանար անցյալ ամռանը, սակայն կորոնավիրուսի պատճառով մրցաշարը տեղափոխեցին 2021–ին: Հանդիպումները տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը աշխարհի միանգամից մի քանի երկրներում: