Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ռիքեր

ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ընթացքում ներկայացրել է ԱՄՆ դիրքորոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերը երեկ ՀՀ արտգործնախարարությունում կայացած հանդիպման ընթացքում խոսել է հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

ՀՀ արտգործնախարարության հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպման ընթացքում ամերիկյան կողմն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի լարվածության թուլացման անհրաժեշտությունը` վերահաստատելով ԱՄՆ պետքարտուղարության մայիսի 27-ի հայտարարությամբ ամրագրված դիրքորոշումն առ այն, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր։

ՀՀ և ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Հատուկ անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության կարգավորմանը, հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատարը Բադասյանին ասել է` ինչու է եկել Հայաստան

Երկուստեք վերահաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի առանցքային դերակատարության շարունակականությունը ԼՂ հակամարտության կարգավորման գործում: Կարևորվել է առաջացած հումանիտար հարցերի հասցեագրումը և Արցախ միջազգային մարդասիրական օգնության անարգել մուտքը:

Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: Ընդգծվել է Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը՝ որպես ապագայում նման հանցագործությունները կանխարգելելու գործուն միջոց:

Քննարկվել են նաև ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ձևաչափում իրականացվող հետագա աշխատանքները:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։