Ադրբեջանական կողմը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է, որ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմում տուժողներ չկան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հունիսի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական ԶՈւ ստորաբաժանումները դիմել են հակազդման գործողությունների` ստիպելով դադարեցնել աշխատանքները, ինչին ի պատասխան ադրբեջանական կողմը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայ դիրքապահները դիմել են պատասխան գործողությունների»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն վստահեցնում է, որ հայկական կողմում տուժողներ չկան։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն մայիսի 11-ի դրությամբ զբաղեցրած դիրքեր. Ռիքեր

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։