«Սա չի փրկելու իշխանությանը». Զաքարյանը` ծառայությունը կասեցված 2 հրամանատարի մասին

Մխիթար Զաքարյանը հայտնում է, որ 20 տարուց ավել է, ինչ Մեղրիի և Մեհրաբի հրամանատարները ծառայության մեջ են։ Իսկ հիմա ծառայությունից ազատվել են Նիկոլ Փաշինյանի օգտին ձայն չապահովելու պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը վստահ է` Մեղրիի և Մեհրաբի զորամասերի հրամանատարների պարտականությունների դադարեցումը կապված է նրանց քաղաքական հայացքների հետ։ Զաքարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց` անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարությանը։

ՊՆ-ն երեկ հայտնել էր, որ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանի և Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանի նկատմամբ ծառայողական քննությունն է սկսվել և մինչև դրա ավարտը նրանց ծառայողական պարտականությունները կասեցվել են։

Գյուղերում ապրողներին սպասելու են անակնկալներ. ինչո՞ւ է կարևոր մարզերում «ուժ ցուցադրելը»

«Երկուսն էլ համակրանք չունեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայացքների նկատմամբ և իրենց հայացքներով ավելի շատ ընդդիմադիր են։ Չէր կարող այսքան համընկնել` հո ՊՆ–ն չէ՞ր ասելու, որ քաղաքական դրդապատճառներով կամ Փաշինյանի համար ձայն չապահովելու պատճառով ենք նրանց հանում աշխատանքից։ Նոնսենս է` երկուսն էլ մեր բանակի սյուներից են»,–ասում է Զաքարյանը։

Նա հույս հայտնեց, որ առաջիկայում գուցե ավելի ադեկվատ ժամանակներ կգան ու ամեն ինչ ավելի պարզ կլինի։
Մեղրիի քաղաքապետը նշում է, որ ինչքան պետական ծառայող կա` դպրոցների, հիվանդանոցների տնօրեններ, խիստ զգուշացվում են, որ մինիմալ շփումներ ունենան իր հետ` իմանալով, որ ընդդիմադիր հայացքներ ունի։

«Աշխատանքից ազատում են, մարդկանց զգուշացնում. սա ոչ մի բան չի փոխելու, ոչինչ չի փրկելու իրենց` յուրաքանչյուրը քվեարկելու է այնպես, ինչպես ինքն է ուզում»,–ասաց Զաքարյանը։

Այսպես շարունակել չի կարելի. Թաթոյանին մտահոգել են Փաշինյանի հայհոյախառն հայտարությունները

Մեղրիի քաղաքապետը հայտնեց` երկու հրամանատարներն էլ 20 տարուց ավել է, ինչ ծառայության մեջ են եղել։ Զաքարյանը հայտնեց` Մեհրաբի գնդի հրամանատար Արտակ Թադևոսյանը Մեղրիում գումարտակի հրամանատար է եղել, հետո գնդի շտաբի պետ, որից հետո է Մեհրաբի գնդի հրամանատար նշանակվել։ Իսկ Մեղրիի գնդի հրամանատար Արգամ Գևորգյանը երկար տարիներ Ջաբրայիլի գնդում է ծառայել, վերջին պաշտոնը եղել է գնդի հրամանատարի տեղակալ, որից հետո էլ նշանակվել է Մեղրիի գնդի հրամանատար։ Երկուսն էլ, ըստ Զաքարյանի, լավագույնս են իրենց դրսևորել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն երեկ հայտնել էր` երկու հրամանատարների ծառայողական պարտականությունների կատարումը ծառայողական քննության ժամանակահատվածում կասեցվել է` համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի։