ՌԱԴԻՈ

«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և այդ համատեսքստում իրենց կուսակցության ծրագրային դրույթներին։
Sputnik
«Հանրապետության» համար քարոզարշավը լավ է ընթանում. կուսակցությունը նորամուծություն է արել

Անի Խաչատրյանի փոխանցմամբ` «Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավի մեկնարկից հետո շրջում է մարզերում, տեղի բնակիչներին ներկայացնում ծրագիրը։ Ըստ նրա` հիմնական ասելիքն արտացոլված է հենց կարգախոսում` «Աշխատատեղեր, անվտանգություն»։

«Դու նամուս, թասիբ, պատիվ ունե՞ս». Վանեցյանը բացեց «Պատիվ ունեմ» դաշինքի քարոզարշավը

Սրանք կարևորագույն խնդիրներն են, ինչի մասին շարունակ խոսում են քաղաքացիները, և որոնց լուծման մեթոդները բազմիցս առաջարկել է կուսակցությունը, ուստի կարգախոսը հենց կուսակցության նախընտրական ծրագրի հակիրճ տեսակն է։

«Քարոզարշավը մեզ համար բավականին լավ է ընթանում. հանդիպում ենք մարդկանց, լսում նրանց կարծիքներն ու բարձրաձայնվող խնդիրները։ Ունենք նաև նորամուծություն, որը մեր նախընտրական բուկլետի ձևն է և մեր շարժական շտաբները։ Մեր բուկլետն իր ձևով տարբերվում է ընդհանրապես Հայաստանում մինչ օրս եղած բուկլետներից, որի ներքևի մասում կա մի հատված, որտեղ քաղաքացին գրում է, թե ինչ առաջնային լուծումներ է ուզում, որպեսզի ԱԺ անցնելու դեպքում առաջնահերթ անենք։ Մարդիկ գրում են և թողնում մեր տաղավարներում դրված արկղերի մեջ։ Կուսակցության նախագահը պատրաստվում է վաղն ամփոփել մեկնարկային երեք օրերը»,– նշեց «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչը։

«Հայոց Արծիվներ, միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

Անդրադառնալով քարոզարշավի ընթացքում բանավեճերի մակարդակին`Անի Խաչատրյանն ընդգծեց, որ իրենք արդեն իսկ հորդորել են բոլոր քաղաքական ուժերին մրցակցել քաղաքակիրթ լեզվով, քաղաքական բառապաշարով, այլ ոչ թե մտնել անձնական վիրավորանքների դաշտ։ Ըստ նրա` «Հանրապետություն» կուսակցության համար շատ բարդ է առկա ֆոնին իր ծրագրերն ու առաջարկները, ապագայի տեսլականը ներկայացնել, բայցևայնպես, կուսակցության ներկայացուցիչները մարդկանց հետ հանդիպումների ժամանակ բացառապես խոսում են ծրագրային լուծումների մասին և դրանով էլ տարբերվում են շատերից։

«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ

«Սև ու սպիտակի բաժանումը խանգարում է հենց մեր նման ուժերին, որոնք սևերի ու սպիտակների մեջ չեն, գտնվում են բոլորովին այլ հարթության մեջ։ Մարզային այցերի ժամանակ պարզ դարձավ, որ ժողովուրդն ավելի հասուն մտածելակերպով է տրամադրված ընտրություններին։ Հաճելի է, որ մարդկանց նախևառաջ հետաքրքրում են ծրագրային դրույթները և հույս ունենք, որ նրանք ընտրություն կկատարեն հենց այդ դրույթների ու առաջարկությունների հիման վրա` չտրվելով սևի ու սպիտակի ջրբաժանին»,– նշեց Խաչատրյանը։

Անի Խաչատրյանի համոզմամբ` 12 օր տևող քարոզարշավը չափազանց քիչ ժամանակահատված է, որովհետև կան տեղեր, ուր ֆիզիկապես հնարավոր չէ այցելել այդ կարճ ընթացքում, հետևաբար կուսակցությունն ընտրել է իրազեկման տարբեր միջոցներ, որոնցից մեկն էլ տեսակապի միջոցով կուսակցության նախագահի ու ներկայացուցիչների հետ հաղորդակցվելն է։ Այդուհանդերձ, նման պայմաններում, ըստ Խաչատրյանի, բավականին դժվար է անմիջականորեն խոսքը տեղ հասցնել ու իրազեկել քաղաքացիներին։  

«5165»-ը քարոզարշավը սկսեց Աղձքից`արքաների դամբարանի մոտից և ներկայացրեց իրենց նպատակը

Նշենք, որ Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն 21 կուսակցություն և 4 դաշինք, որոնք պայքարում են Հայաստանի ընտրողների ռեգիստրում ընդգրկված 2 581 093 ընտրողների ձայների համար։

Հիշեցնենք, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։