«Պաշտոնապես հայտնում եմ` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց». Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե թող վարչապետի պաշտոնակատարն իր որդուն տա Ադրբեջանին Բաքվում պահվող տղաներից 20-25-ի վերադարձի դիմաց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իր որդուն փոխանակել Բաքվում պահվող բոլոր գերիների հետ։ Փաշինյանն այդ մասին հայտարարեց քարոզարշավի շրջանակում ապարանցիների հետ հանդիպման ժամանակ` արձագանքելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը։

Փաշինյանը երեկ Արմավիրի մարզում հայտարարել էր, որ Բաքվի բանտերում գտնվող տղաները մեզ կներեն մեկ ամիս, երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար, բայց չեն ների, եթե հանուն նրանց ազատության զիջեն երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը։ Ի պատասխան Սերժ Սարգսյանն այսօր ասել էր` այս պարագայում Փաշինյանը թող իր որդուն Բաքվին տա ու փոխարենը 20-25 գերի հետ վերցնի։

«Հիմա էլ շահարկման նոր առիթ են գտել, ասում են, թե վարչապետն ասել է` ոչինչ, թող գերիները երկու ամիս էլ սպասեն։ Սերժ Սարգսյանն է էլի մեյդան ընկել։ Դու իմ զինվոր որդուն Աշոտիկ ասելու իրավունք չունես, բայց ասում եմ և Ալիևին էլ պաշտոնապես հայտնում` պատրաստ եմ որդուս տալ բոլոր գերիների դիմաց»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` իրականում գերիների մասին խոսելիս նկատի է ունեցել, որ նույնիսկ այն գերիները, որոնք 2-3 ամիս առաջ վերադարձել են, արդեն իսկ ուշացումով են վերադարձել։

«Բա որ ես էլ ընդունեմ դուելի հրավերը` շարեմ ճակատին». Նիկոլ Փաշինյանը` Ռոբերտ Քոչարյանին

Նշենք, որ արցախյան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումից հետո հայտարարվել էր, որ գերիների վերադարձն իրականացվելու է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Այդ հիմնավորմամբ հայկական կողմը դեկտեմբերի 14-ին առաջինն Ադրբեջանին հանձնեց 2014 թվականից Արցախում սպանության, լրտեսության, պետական սահմանի ապօրինի հատման, ռազմամթերք կրելու, անձի առևանգման համար բանտարկված հանցագործներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին: Թե քանի հայ գերի կա Ադրբեջանի տարածքում, հստակ հայտնի չէ։ Ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվը տատանվում է 200–ի սահմանում։

Եվս մեկ զինծառայողի այսօր են գերեվարել։

Արտակ Զեյնալյանը հավանական գերիների վերաբերյալ տեսանյութ է հրապարակել. 16+