«Եղանակն ամպամած էր». հայ զինվորին վերադարձնելու համար այս պահին բանակցում են

Համայնքի ղեկավարը հայտնում է, որ տարածքում, որտեղ եղել է Արթուր Քաթանյանը, հայ-ադրբեջանական դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի - Sputnik. Մառախուղի պատճառով մոլորված և Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնված զինծառայող Արթուր Քաթանյանը Սյունիքի մարզից է։

«Տղաները մեկ–երկու ամիս ավել գերության մեջ մնալու համար կներեն մեզ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր, որ ԶՈւ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Զինծառայողի բնակության համայնքի ղեկավարը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց` Արթուրը շուրջ 3 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է։

«Դեպքը տեղի է ունեցել ծառայության ժամանակ եղանակի պատճառով։ Բավական ամպամած էր, մոլորվել է։ Տարածքում, որտեղ եղել է Արթուրը, դիրքերը բավական մոտ են, զինվորները գրեթե իրար դեմ դիմաց են կանգնած»,–ասաց համայնքի ղեկավարը։

Նրա խոսքով` Արթուրը 25 տարեկան է, ամուսնացած չէ` ծնողների հետ է ապրում։ Արթուրի ծնողներին դեպքի մասին հայտնել են։ Այս պահին, ըստ համայնքի ղեկավարի, բանակցություններ են ընթանում, որպեսզի Արթուրին ադրբեջանական կողմը վերադարձնի։

Հիշեցնենք` Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը, օգտվելով եղանակային անբարենպաստ պայմաններից, հունիսի 8-ին հատել է շփման գիծը Լաչինի շրջանի տարածքում: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս լուրը։