Անհամբեր սպասում ենք. ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Կութ գյուղից գողացած անասուններին

Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է օրերս կութեցի հովվի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով գյուղացիական տնտեսություններին պատճառած վնասին և անասուններին վերադարձնելու գործընթացին։
Sputnik
Անհամբեր սպասում ենք. ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Կութ գյուղից գողացած անասուններին

Ադրբեջանցիները դեռ չեն վերադարձրել Կութ գյուղի արոտավայրից հափշտակած 80 խոշոր եղջերավոր անասունները։ Գեղարքունիքի մարզպետարանը, ՄԻՊ-ը, ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու բանակային կորպուսը ադրբեջանցիների հետ բանակցում են, որ կենդանիներին վերադարձնեն գյուղացիներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կութի վարչական ղեկավար Սիմա Չիտչյանը։

«Բոլորն էլ հետաքրքրվում են, բայց ոչ մեկից դեռ պատասխան չկա։ Մարզպետարանը, ՄԻՊ-ը, ԱԱԾ-ն, ոստիկանությունը, զինվորական կորպուսը իրենք են գալիս-գնում»,- ասաց նա։

Ադրբեջանցիները 5 տան ապրուստ են գողացել` գյուղացիական տնտեսություններին պատճառելով միլիոնավոր դրամի վնաս։ Դեպքից 3 օր է անցել։ Կհաջողվի՞ անասուններին վերադարձնել, թե ոչ, Չիտչյանը ոչինչ չի կարող ասել։ Ասում է` ամեն օր լուսացնում են բարի լուր ստանալու սպասումով։

Գեղարքունիքում և Սյունիքում ադրբեջանցիները գողանում են հայերի կենդանիներին. ՄԻՊ–ի փաստերը

«Առավոտից իրիկուն բոլորս էլ անհամբեր սպասում ենք։ 80 կովը քի՞չ է։ 17-ը մի տնտեսությանն է, Էն մեկինն էլ 34 գլուխ է, մեկինը` 3, մյուսինը` 7 գլուխ։ Գյուղացու համար 3 գլուխն էլ է շատ, տան ապրուստի միջոցն է»,- նշեց Չիտչյանը։

Հիշեցնենք` հունիսի 5-ին հայտնի Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել էին հայ հովվի ուղղությամբ։

Հովիվը փորձել էր նախիրը արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել է նրա ուղղությամբ։

Հովիվը չէր տուժել, իսկ թշնամին տարել էր անասուններին։

Կութում հովվի ուղղությամբ կրակահերթը տևել է մոտ 30 րոպե. Թաթոյանը մանրամասներ է հայտնում