«Նիկոլ, դավաճան». Արմավիրում ՔՊ–ի քարոզարշավի ժամանակ 3 մարդ է ձերբակալվել. տեսանյութ

ԶԼՄ–ներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Երեք քաղաքացի է ձերբակալվել Արմավիրի մարզում վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչության ժամանակ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

Ռոբերտ Քոչարյանը փակագծեր բացեց. նախկինում ի՞նչ էր արվում պատերազմից խուսափելու համար

Նշենք, որ այսօր ԶԼՄ–ներում տեսանյութ տարածվեց, որտեղ երևում էր, որ Արմավիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ որոշ քաղաքացիներ գոչում են. «Նիկոլ, դավաճան»։ «Մեդիապորտ» Տելեգրամ–ալիքի տեղեկություններով` գործարար, «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները «Նիկոլ, դավաճան» գոռացող քաղաքացուն ծեծի են ենթարկել։

Ձերբակալված քաղաքացիներից մեկը մեղադրվում է ընտրարշավը խոչընդոտելու համար։ Ուշագրավ է, որ նա այս հոդվածով առաջին մեղադրյալն է, քանի որ այն ընդունվել է Նիկոլ Փաշինյանի` Սյունիք այցից հետո, որտեղ քաղաքացիները հայհոյանքներ էին հնչեցրել նրա հասցեին։ Օրենքի նախագծի հեղինակները, սակայն, նշում են, որ օրենքը Փաշինյանի Սյունիք այցի հետ կապ չունի, որովհետև այն մշակվել ու ներկայացվել էր ավելի վաղ։

Եվս երկու մարդ ձերբակալվել են վարչական հոդվածներով ՝ իրավապահների օրինական պահանջներին չենթարկվելու համար։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 22 կուսակցություն և 4 դաշինք։