ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik.Ղարաբաղի հարցում Հայաստանը դաշնակից չունի: Այսօր ՀԱԿ ընտրական հավաքի ժամանակ ասաց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ նախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ այդ մասին ինքն ասել է դեռ 25-30 տարի առաջ: Բայց այդ պարզ ճշմարտությունը, նրա խոսքով, այդպես էլ մնացել է չհասկացված:
«Հիմա նորից կրկնում են` դե, ոչինչ, եթե Ռուսաստանը չէ դաշնակիցը, Եվրոպան կլինի, Ամերիկան կլինի, Իրանը կլինի: Իսկ սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մենք ոչ թե մեր հին պատմության, այլև մեր օրերի, վերջին 3 տասնյակ տարիների դառը փորձից չենք ուզում դասեր քաղել»,- ասաց Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով` Հայաստանը մի անգամ սխալվել է 100 տարի առաջ, և եթե այսօր կրկնի նույն սխալը, կդառնա աշխարհի ամենախղճահարության արժանի, ամենաարհամարհված պետությունը՝ Սոմալիի, Եմենի հետ մեկ շարքում:
Հիշեցնենք` Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Մասնակցության հայտ է ներկայացրել 26 կուսակցություն ու դաշինք։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է այսօր`հունիսի 7–ին։
«Ամենախայտառակ ու վտանգավոր ընտրություններն են լինելու». Տեր-Պետրոսյանը բացատրեց` ինչու