ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. 44-օրյա պատերազմը քաղաքական արկածախնդրության հետևանք էր: Այսօր քարոզարշավի մեկնարկին ներկայացնելով «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ծրագիրը` նման հայտարարություն արեց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Պատերազմի հիմքերը, ըստ նրա, դրվել են դեռ 1998թ-ից, երբ, նրա խոսքով, Հայաստանը շեղվել է իր ճիշտ ճանապարհից:
«Այն վիճակը, որում այսօր հայտնվել է Հայաստանը, ստանդարտ իրավիճակ չէ: Այն հնարավոր չէ շտկել տարբեր ոլորտների կառավարման ստանդարտ ծրագրերով»,- ասաց Զուրաբյանը։
Նա հավելեց, որ ՀԱԿ նախընտրական ծրագիրը ոչ թե իշխանության ձևավորմանն ուղղված սովորական ծրագիր է, այլ հատուկ գործողություն՝ ուղղված պետության փրկությանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը, որին 22 կուսակցություն ու 4 դաշինք են մասնակցում, կայանալու է հունիսի 20–ին։