Բենիամին Պողոսյանի համոզմամբ` Հայաստանը ստեղծված իրավիճակում պետք է վարվի Իսրայելի պես. այդ երկրի քաղաքական ուժերը և քաղաքական վերնախավը մի բանում միասնական են, այն է` եթե որևէ բան սպառնում է Իսրայելի կենսական շահերին, ապա դրա դեմ անհրաժեշտ է պայքարել հնարավոր բոլոր մեթոդներով։
«Հրեաները որևէ մեթոդի առջև կանգ չեն առնի և հաշվի չեն առնի այն հանգամանքը, թե այդ մեթոդը որքանով է համապատասխանում միջազգային նորմերին կամ ինչ արձագանք կարող է լինել միջազգային հանրության կողմից։ Այդ առումով` նույնիսկ միջազգային հումանիտար իրավունքը Իսրայելին բացարձակապես չի հետաքրքրում, հետևաբար շատ երկրներ, այդ թվում` Հայաստանը, սովորելու շատ բան ունեն Իսրայելից»,– նշեց Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրենը։
Պողոսյանի կարծիքով` նման վարքագիծ ցուցաբերելու համար պետությունը պետք է ունենա համապատասխան ռեսուրսներ, և թեև յուրաքանչյուր երկիր այսպես թե այնպես` տիրապետում է որոշակի ռեսուրսների, կոնկրետ Հայաստանին նման վարքագիծը չէր խանգարի։
«Եթե խնդիրը վերաբերում է մեր կենսական շահերին, ապա մենք նույնպես պետք է մի կողմ դնենք միջազգային իրավունքն ու միջազգային հանրության արձագանքը, բայց իհարկե, գործելով մեր ռեսուրսների շրջանակում։ Նման իրավիճակում անհրաժեշտ է նախևառաջ մի կողմ թողնել ներքին տարաձայնությունները։ 1920 թվականի աշնանից հետո, երբ Առաջին Հանրապետությունը պարտվեց հայ–թուրքական պատերազմում, վերջին 101 տարվա ընթացքում սա մեզ համար ամենածանր վիճակն է»,– նշեց քաղաքագետը։
Պողոսյանի պնդմամբ` յուրաքանչյուր մարդ պետք է իր հնարավորությունների սահմաններում փորձի գոնե մեկ կաթիլ ավելացնել երկրի կենսական շահերի պաշտպանության գործում։
Իսրայելը զորք կմտցներ Գազայի հատված, եթե անհրաժեշտություն լիներ. Նեթանյահու
Հիշեցնենք` Իսրայելի և Պաղեստինի սահմանին տիրող իրավիճակը սրվեց մայիսի 10-ի երեկոյան։ Մինչ օրս պաղեստինյան կողմից Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 4 070 հրթիռ, որոնցից մոտ 600-ն ընկել են Գազայի հատվածում։
Վերջին տեղեկություններով` Իսրայելում 12 մարդ է զոհվել, ավելի քան 50-ը վիրավորվել են: Իսրայելական պատասխան ավիահարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 230-ի, զոհերի թվում 65 անչափահաս կա: Վիրավորվել է ավելի քան 1,7 հազար մարդ։
Հրթիռի առաջ բոլորը հավասար են. Իսրայելի հայերը` ռմբակոծության տակ կյանքի մասին