ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի - Sputnik. Այսօր` հունիսի 6-ին, ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի արոտավայրի հովվի շուրջ 20 ձիերը, հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
«Հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանական զինված ծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը: ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը»,– հայտնում է պաշտպանը:
Թաթոյանը հիշեցնում է, որ Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ ադրբեջանցիների հանցավոր արարքները սկսվել են դեռ մայիսի 12-ից, երբ նրանք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:
«Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,–նշում է Արման Թաթոյանը։
ՌԴ դեսպանն այցելել է Հայաստան-Իրան սահմանային ջոկատ. լուսանկարներ
Հիշեցնենք` նմանատիպ մեկ այլ միջադեպ էլ այսօր գրանցվել էր Սյունքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խնածախ գյուղում։ Գյուղի բնակրիչներից մեկի ձին արածելիս հատել էր հայ–ադրբաջանական սահմանը, հակառակորդն էլ բռնել էր կենդանուն ու հրաժարվել վերադարձնել։ Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը հայտնել էր, որ ՌԴ հրամանատարության հետ բանակցություններ են տարվում` կեդանուն տիրոջը վերադարձնելու համար։
Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։
Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։
ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա
Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։
Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:
Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։