Կութում թշնամին կրակել է հայ հովվի ուղղությամբ ու մոտ 100 գլուխ անասուն տարել

Ադրբեջանցիների կրակոցից հովիվը չի տուժել, բայց նրա ձին սատկել է։ Ըստ տեղեկությունների` զինվորականների ուղղությամբ չեն կրակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik.Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ այսօր Գեղարքունիքի մարզի սահմանապահ Կութ գյուղում ադրբեջանցի զինվորականները կրակել են հայ հովվի ուղղությամբ։

«ՊՆ-ում չգիտե՞ն, ի՞նչ ասեմ». ադրբեջանցիները «օկուպացրել» են Վերին Շորժայի ոռոգման ավազանը

Հովիվը` ձիուն նստած, անասունի հոտը փորձել է արոտավայրից գյուղ քշել, երբ թշնամին կրակել է նրա ուղղությամբ։

Մեր տեղեկություններով`հովիվը չի տուժել, բայց նրա ձին սատկել է, իսկ թշնամին մոտ 100 գլուխ անասուն է տարել։

Գյուղում այս պահին հանգիստ է, հայ զինվորների ուղղությամբ կրակոցներ չեն հնչել։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

ԽՍՀՄ տարիներին ադրբեջանցիները զավթում էին հայերի հողերը, ապա դարձնում քննարկման առարկա

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։