ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ռուս խաղաղապահները մարդասիրական-բժշկական ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի Պատարա բնակավայրում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Մասնավորապես, ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները ավելի քան 400 կգ մարդասիրական օգնություն են փոխանցել կարիքավորներին: Բազմազավակ ընտանիքներն ու հարկադիր տեղահանվածները ստացել են մթերքներ և առաջին անհրաժեշտության պարագաներ։
«Այսօր մեզ մոտ իրային գույք է տրվում երեխաների և մեծերի համար, մթերային օրապահիկներ՝ ապուրի պարագաների տեսքով, բաժանվում են նաև մանկական խաղալիքներ»,-հայտնել է Հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը։
Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի համար օգնությունը հավաքել են ռուսական հասարակական և բարեգործական կազմակերպությունները։
Արցախում խաղաղապահները պատրաստվում են դիրքերի վրա հնարավոր հարձակմանը
Բացի այդ, տեղի բնակիչներին բուժօգնություն ցուցաբերելու համար համայնքում դաշտային բուժկետ է տեղադրվել։
«Մեզ հետ ժամանել է հատուկ նշանակության առաջին բուժական ջոկատի անձնակազմը՝ երեք բժիշկ, այն է՝ վիրաբույժ, թերապևտ և քիթ-կոկորդ-ականջաբան»,-ասել է Իվանովը։
Բժշկական ընդունելության ընթացքում հատուկ նշանակության ջոկատի բժիշկները խորհրդատվություն են անցկացրել և օգնություն են ցուցաբերել Պատարայի 73 բնակչի։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուս խաղաղապահները մարդասիրական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում Արցախի բնակիչներին